Առաջիկա ամիսներին Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Թալիշի շուրջ 7500 երեխաների համար «Հայկ նահապետից մինչեւ Շուշի» խորագրով ծրագրի շրջանակներում կներկայացվի Երվանդ Մանարյանի «Հայկ եւ Բել» տիկնիկային ներկայացումը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ծրագիրն իրականացնում է «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում։
Ի դեպ, ներկայացման տիկնիկները պատրաստվել են հենց երեխաների ջանքերով՝ նախապես հայտարարված մրցույթի միջոցով։ Երեխաների կողմից ներկայացվել են հերոսների էսքիզների տարբերակներ, ընտրվել են լավագույնները։ Այնուհետեւ տիկնիկագործների հետ մասնակցել են տիկնիկների պատրաստման գործընթացին։
Ծրագրի նախաձեռնողները նշում են, որ տիկնիկային ներկայացումը լինելու է ինտերակտիվ ձեւաչափով։ Երեխաները նախ կքննարկեն պիեսը, թեման ու ակտիվ մասնակցություն կունենան ներկայացման ընթացքում: Հանդիսատեսին արվեստի միջոցով կփոխանցվեն հայ ժողովրդի մեծ հաղթանակները՝ Հայկի ճակատամարտից մինչեւ Շուշի։ Դպրոցականները, ընդրգրկվելով բեմադրության մեջ, ավելի դյուրին կըմբռնեն մատուցվող նյութը։











