Վաշխառուներից տուժած բնակիչներն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության դիմաց պահանջում էին պատժել իրենց տները խլած վաշխառուներին: NEWS.am-ի հետ զրույցում տուժածներից Սիրանույշ Չուբախյանը նշեց, որ ինքը տուժել է կառավարության նախկին աշխատակից Նունե Պլուզյանից:
«Նրան ընդամենն աշխատանքից հանել են՝ առանց պատասխանատվության ենթարկելու: Նունեն, Քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանը, փաստաբան Արտավազդ Այվազյանը, վաշխառու Տիգրան Մարտիրոսյանը տոկոսով գումար են տալիս, միջնորդավճարներով, նրանք իրենց միջնորդներին ունեն եւ վերջում քաղաքացիներից խլում են տները: Այստեղ հավաքված մարդիկ իրենց տված գումարից ավելի շատ ամսական տոկոսներ են վճարել, բայց վերջում զրկվել տնից:
Մարդկանց առանց տանիք են թողնում, ես կոնկրետ Պլուզյան Նունեից եմ տուժել, ես նրան երկու տարի ամեն ամիս 1250 դոլար եմ տվել, որն անցել է իր տված 21 հազար դոլարից եւ այս պահի դրությամբ իմ երկու տունն էլ վերցրել ա: Ինքը դատարանում իր փողերով բոլոր հարցերը փակում ա, իրեն ընդամենն աշխատանքից ազատել են եւ այլ պատժի չի ենթարկվել»,-ասաց Սիրանույշ Չուբախյանը:











