Վերահսկիչ պալատի 2014 թվականին իրականացրած ստուգումներ արդյունքում ԿԳՆ-ում հայտնաբերված չարաշահումները տեղի են ունեցել 2014 թվականին եւ իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Չարաշահումների վերաբերյալ դատախազությունն իր իրավասությունների շրջանակներում որոշակի ուղղություններում հստակ ստուգումներ է իրականացնում, գործընթացը շարունակվում է»,-ընդգծեց նախարարը:

Հարցին, թե 2014 թվականին կրթության եւ գիտության նախարարն Արմեն Աշոտյանն էր, հնարավո՞ր է, որ նա ենթարկվի պատասխանատվության, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Հարցն ինձ չի ուղղված: Դատախազությունը կաշխատի, կոնկրետ կքննարկենք եւ արդյունքների մասին կտեղեկացնենք: Մենք մեր լիազորությունների շրջանակներում օժանդակում ենք աշխատողներին»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ Վերահսկիչ պալատի հրապարակած ընթացիկ հաշվետվության տվյալների հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, ԿԳՆ ԾԻԳ-ի պաշտոնյաների կողմից 2014թ. ընթացքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում կազմված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերում մտցվել են իրականությանը ակնհայտ չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաեւ` հաստատվել պայմանագրի պայմաններին չհամապատասխանող հաշվետվություններ:

Արդյունքում իրականում չկատարված եւ խախտումներով կատարված աշխատանքների դիմաց նշված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց վճարված գումարներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: