Ամանորից գազի սակագինը շուրջ 8 դրամով կէժանանա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հաստատել է «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Սոցիալապես անապահով սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագին է սահմանվել տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100 հազար դրամ, 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ տարեկան 139 հազար դրամ: Գործող սակագինը 146 հազար 700 դրամ է՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Իսկ 10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները կվճարեն շուրջ 114 հազար դրամ: Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:

Մոսկվայում 90 տարեկանում մահացել է հայտնի ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը: Նա ՄիԳ-29 կործանիչի հեղինակներից էր: Իվան Միկոյանն ամբողջ կյանքում առաջատար ինժեներ է աշխատել կոնստրուկտորական բյուրոյում, որը հիմնել էր նրա հորեղբայրը՝ Արտեմ Միկոյանը: Վերջինի ղեկավարությամբ էլ մշակվել են ՄիԳ-ի տարբեր սերնդի մոդելները։ Իվան Միկոյանը ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչի նախագծի հեղինակներից է, որի մշակման համար երկու անգամ արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։

Երկաթուղային խոշոր պատահար Իրանում: Սեմնան նահանգում ուղեւորատար երկու գնացքների բախման հետեւանքով զոհերի թիվը կարող է հասնել չորս տասնյակի, շուրջ 100 վիրավոր կա: Որոշ ուղեւորներ պարզապես ողջ-ողջ այրվել են, այդ պատճառով դեռեւս դժվար է զոհերի հստակ թիվ նշել: Իրանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ` պարզելու, արդյո՞ք բախման հետեւանքով զոհվածների եւ տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ կան:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ադրբեջանցի պատվիրակները փորձել են ցույց տալ, թե Հայաստանը, իբր, «օկուպացրել» է իրենց տարածքը: Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պատասխանը միանգամայն հստակ էր: Վեհաժողովի նիստում աննախանձելի վիճակում է հայտնվել նաեւ Թուրքիայի արտգործնախարարը: Մեւլութ Չավուշօղլուն իր ելույթում խոսել է հակամարտություններից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչին ի պատասխան հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Թուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության հարցում, հատկապես՝ ապրիլյան իրադարձություններից հետո: Չավուշօղլուն հայտարարել է նաեւ, որ հայերն ամբողջ աշխարհում սուտ են տարածում Հայոց ցեղասպանության մասին, թեեւ հայկական պատվիրակությունն այդ թեմային ընդհանրապես չի անդրադարձել:

15 մլն 428 հազար 777 դոլար՝ Արցախում ծրագրերի իրականացմանը: Կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախ» հեռուստամարաթոնը: 19-րդ անգամ անցկացված մարաթոնի ընթացքում հավաքված գումարն այս տարի ուղղվելու է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կան նաեւ նպատակային հատկացումներով ծրագրեր Հայաստանի եւ Արցախի համար:

Նոյեմբերի 24-ի գիշերը Մոսկվայում գնդակահարված Գեւորգ Գեւորգյանը նախկինում դատապարտված է եղել Ռուսաստանում: Նա ծնվել եւ մեծացել է Ջավախքի Ախալցխա քաղաքում: Վերջին տարիներին ապրել է Մոսկվայում եւ քրեական աշխարհում հայտնի է եղել Գեորգի անունով: Որոշ տեղեկություններով՝ մի քանի տարի առաջ քրեական աշխարհի ներկայացուցիչները սպանել են Գեորգիի մտերիմ ընկերներից մեկին, որից հետո սկսվել է վենդետան: Չի բացառվում, որ նրա սպանությունը եւս կապված է այս պատմության հետ:

Մահվան ելքով վրաերթ Երեւանում: Սիլիկյան թաղամասում անհայտ մակնիշի եւ համարանիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել թաղամասի բնակչուհուն՝ 50-ամյա Լուսիկ Խաչատրյանին: Կինը տեղում մահացել է: Վրաերթ կատարած անձն այսօր հայտնաբերվել է: Նա Կոտայքի Քասախ գյուղի 29-ամյա բնակիչ Անդրանիկ Աղեկյանն է: Նրա Peugeot մակնիշի մեքենան տեղափոխել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Նոյեմբերի 25-ին դոլարն ու եվրոն սկսել են թանկանալ: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 507, ռուբլունը՝ 7 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 597 դրամ։

Նոյեմբերի 26-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում օդի ջերմաստիճանն աստիճանաբար 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: