Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով:
Ստորեւ ներկայացնում ենք ելույթի երկրորդ մասը:
«Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը միջազգային հարաբերություններում հանդես է գալիս որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի եւ վստահելի երկիր: Այսպես է մեր երկիրը ներկայանում աշխարհին` կառուցողական դիրքորոշումներով, գործընկերների հետ փոխշահավետ լուծումներ գտնելով, միջազգային հանձնառությունները բծախնդրորեն կատարելով, պայմանավորվածությունները հարգելով եւ հաստատակամ՝ մեզ համար սկզբունքային հարցերում: Սա արտաքին հարաբերություններում մեր ընտրած ուղին է, մեր երկրի դիվանագիտության այցեքարտը:
Միջպետական հարաբերություններում երկրի շուրջ նման օրակարգ ձեւավորելը պահանջում է նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանք։ Կարծում եմ, որ շատ ավելի ջանք է պահանջում այն պահպանելն ու ամրապնդելը: Մանավանդ բոլոր այն դժվարությունների ու մարտահրավերների պայմաններում, որոնք այսօր ցնցում են մեր տարածաշրջանը եւ ողջ աշխարհը:
Մեր արտաքին քաղաքականության նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձեւը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը։
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է: Դրանով շատ բան է ասված մեր հարաբերությունների խորության, բազմազանության ու նշանակության առումով:
Ամերիկյան նոր վարչակարգի օրոք աշխատելու ենք նոր խթան հաղորդել Միացյալ Նահանգների հետ մեր բարեկամական գործընկերությանը:
Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական այլ երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա։
Ուրախությամբ ենք արձանագրում Չինաստանի հետ վերելք ապրող մեր հարաբերությունների փաստը՝ մի բան, որ հաստատապես շարունակելու ենք նույն ոգով։
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով մենք պետք է լիարժեքորեն օգտագործենք այս ներուժը։
Մենք խորացնում ենք փոխգործակցությունը Եվրոպական միության հետ։ Հուսով ենք, որ շուտով հաջողությամբ կավարտենք բանակցությունները Եվրամիության հետ մեր հարաբերությունների նոր իրավական շրջանակի շուրջ:
Հարգելի՛ գործընկերներ,
Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, թե փորձելու է ուժի ու բռնության կիրառմամբ իր կամքը պարտադրել մեզ: Ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ՝ պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության եւ ռազմագերիների հանդեպ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են «ապրիլից առաջ» եւ «ապրիլից հետո» փուլերի:
Թե՛ «առաջ», թե՛ «հետո» մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Հայաստանը եւ Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր եւ Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը:
Խորապես համոզված եմ, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բանակցությունները հաջողությամբ պսակելու համար անհրաժեշտ է, որ կողմերը բանակցեն բարեխղճորեն: Սակայն ոչ պակաս կարեւոր է, որ կողմերը նաեւ հստակ եւ իրատեսորեն գնահատեն ուժերի առկա հավասարակշռությունը:
Ապրիլյան իրադարձություններն ապացուցեցին, որ Բաքվում իրատեսության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Դա ակնհայտ է հենց իրենց հրապարակային հռետորաբանությունից:
Փաստն այն է, որ մեր բանակը լուծեց իր առջեւ դրված ռազմական խնդիրը՝ լինելով պաշտպանվող կողմ: Ադրբեջանը, հանկարծակի նախահարձակ լինելով, իր ռազմաքաղաքական խնդիրները լուծել չկարողացավ:
Մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որեւէ այլ հարց լուծում չի կարող գտնել:
Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում բառային աճպարարություն անել: Մեկ խոսում է այն մասին, որ համանախագահող երկրներն իրեն ստիպում են ճանաչել ԼՂՀ անկախությունը, մեկ էլ նույնպիսի առոգանությամբ պնդում է, թե միջազգային հանրությունը լիովին կիսում է իրենց դիրքորոշումը: Համաձայնեք՝ սա շատ տարօրինակ «հետեւողականություն» է։
Մենք հստակ գնահատում ենք տարածաշրջանում եղած ուժերի հավասարակշռությունը: Մենք Բաքուն գրավելու եւ կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաեւ շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա:
Մենք չենք մտնելու սպառազինությունների մրցավազքի մեջ: Դրանում որեւէ իմաստ չենք տեսնում: Դրա փոխարեն մենք լավ պատկերացնում ենք մեր Զինված ուժերի առջեւ դրված խնդիրները: Մեր ռեսուրսները լիովին բավարարում են այդ խնդիրները լուծելու համար:
Որեւէ զենք եւ սպառազինություն ինքնին չի կարող լուծել մարտական գործողության ելքը: Մարդը՝ զինվորը, տակավին մնում է զինված ուժերի առանցքային միավորը: Մեր ջանքերի հսկայական բաժինը պետք է ուղղված լինի Զինված ուժերի անձնակազմի բարոյակամային հատկանիշների, մասնագիտական հմտությունների, մարտավարական ունակությունների կատարելագործմանը:
Հայկական բանակի դեմքը հայ զինվորն է, որ բազմիցս ապացուցել է՝ մարտի դաշտում որոշիչը զենքը գործածելու կարողությունն ու մղումն է, կամքը, խիզախությունը, վճռականությունը, արժանապատվության զգացումը եւ առաքինությունը:
Այո՛, սահմանին կանգնած մեր զինվորը խիզախ մարտիկ է, բայց նա բազմապատիկ անգամ խիզախ է, երբ իր թիկունքում միասնականություն է զգում՝ բոլորիս միասնական ոգին։ Հիշենք, որ 1992-94 թվականների մեր հաղթանակների մեջ պակաս դեր չուներ նաեւ այն փաստը, որ Ադրբեջանի ներքին քաղաքական դաշտում քաոս էր տիրում։ Սա կարեւոր դաս է, որ երբեք չպետք է մոռանանք։ Եվ սա որեւէ կերպ չի էլ նսեմացնում մեր զինվորների, մեր սպաների, մեր ժողովրդի խիզախությունը:
Հայաստանի զինված ուժերը պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը: Դրա համար մենք ունենք ամենակարեւոր նախադրյալը՝ անփոխարինելի հարստությունը, որ մեր խրոխտ զինվորներն ու սպաներն են:
Ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, նրանք մեր ապագա նախարարներն ու վարչապետներն են, մեր գիտնականներն ու գործարարները, մեր դեսպաններն ու մարզպետները: Բանակային փորձառություն՝ գումարած բարձրագույն եւ որակյալ կրթություն. սա մեր վաղվա հասարակությունն է, որ ձեւավորվում է արդեն այսօր՝ բոլորիս աչքի առաջ:
Հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձեւավորվել մեզանում, ինչը նախկինում չկար: Այդ շերտը մեր սպայակազմն է, որը դառնում է մեր էլիտայի արժանավոր հատվածը: Ազգի մտավոր եւ պաշտոնական վերնախավի մաս կազմելը պետք է լինի մեր ամենաառողջ եւ կիրթ պատանիների ցանկությունը: Սպան հեղինակություն է վայելում հասարակության մեջ, քանի որ նրա կենսագրությունը պատմություն է կյանքում հաջողակ լինելու մասին:
Մեր կուսակցության շարքերը համալրած՝ պաշտպանության նորանշանակ նախարարն արդեն իսկ միջոցներ է ձեռնարկում սպաների՝ հատկապես երիտասարդ սպաների պաշտոնեական առաջխաղացման գործընթացը կատարելագործելու համար։ Ընդհանրապես, բանակը պետք է դառնա, եւ ես վստահ եմ, որ շատ արագ դառնալու է արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Համենայն դեպս, մեր բոլոր քայլերը դրան են տանելու։ Ավելին, պետական բոլոր օղակները շատ ավելի ուշադիր պետք է լինեն եւ ընդգծված առաջնայնություն պետք է տան տարբեր խնդիրներ լուծելուն ուղղված՝ մեր զինվորականներից, մեր սպաներից, մեր ժամկետային զինվորների ծնողներից ստացվող դիմումներին ու հայտերին։
Խոսելով պաշտպանության նորանշանակ նախարարի մասին պետք է ավելացնեմ, որ Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը։ Մենք երկար քննարկել ենք մեր Զինված ուժերին վերաբերող շատ հարցեր եւ պայմանավորվել, որ կարճ ժամանակահատվածում բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, որոնք պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում լինեն, պետք է ընդգծված առաջընթաց կարողանանք արձանագրել գնումների ոլորտում, ռազմական կրթության եւ ռազմաբժշկական հաստատությունների աշխատանքում։
Այսօր Հայաստանի զինված ուժերի ռազմատեխնիկական, տեխնոլոգիական եւ կադրային արդիականացման միջոցով մենք ձեւավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծը եւ զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու:
Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի լոկոմոտիվը: Բանակը երկրի խոշորագույն սպառողներից մեկն է, ուստի այն չի կարող իր ազդեցությունը չունենալ երկրի տնտեսական առաջընթացի վրա:
Մեր զինված ուժերի կարիքները բավարարելուն ուղղված միջոցները, որքան հնարավոր է, պետք է ծախսվեն Հայաստանում. սննդից մինչեւ շինանյութ, սպառազինությունից մինչեւ ծրագրային ապահովում, այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնց կարիքը բանակն ունի: Մենք պետք է հնարավորինս առավելությունը տանք հայկականին՝ ակնկալելով, որ այդ կերպ երկրում ավելացված արժեք կստեղծվի:
Խոսքս վերաբերում է հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որտեղ եղած նորարարությունների հիմնական պատվիրատուներից մեկը հենց բանակն է: Հայ մասնագետներն ունակ են ստեղծելու ժամանակակից պահանջները բավարարող լուծումներ: Բանակը պետք է օգուտներ քաղի այդ լուծումներից:
Հարգելի՛ գործընկերներ,
Առկա մարտահրավերները պահանջում են խնդիրների լուծման նոր մոտեցումներ նաեւ Հայաստան-սփյուռք հարաբերություններում: Անշուշտ, մենք շարունակելու ենք մեր ջանքերը ԼՂ հիմնախնդրին, Հայոց ցեղասպանությանը, հայապահպանությանը եւ մեր ավանդական մյուս գերակայություններին առնչվող հարցերում։ Ակնհայտ է, որ համայն հայության անքակտելի կապը շարունակաբար պետք է ամրապնդել նաեւ ներկայի եւ, իհարկե, ապագայի ընկալմամբ եւ տեսլականով: Այսօր արդեն գրեթե բոլորն են վստահ նպատակի հարցում, այն է՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում եւ առաջ գնացող Հայաստանի շուրջ համայն հայության միավորում։ Պարզ, առանց խրթին տողատակերի մի նպատակադրում, որը պահանջում է, սակայն, համատեղ աշխատանքի նոր մոտեցումներ, ավելի ակտիվ նախատրամադրվածություն։
Այո, մենք շարունակում ենք բացահայտել սփյուռքի մեր քույրերի եւ եղբայրների ներուժը՝ փորձելով այն ուղղել Հայաստանի կայուն զարգացմանը: Տնտեսական, իրավական, սոցիալական, գիտակրթական, մշակութային, տեղեկատվական եւ այլ բնագավառներում աշխատանքները կազմակերպելու համար արդեն ստեղծված են գրեթե բոլոր նախապայմանները:
Այս տարիների ընթացքում մենք շատ աշխատանք ենք կատարել այդ ուղղությամբ։ Եկել է պահը, երբ մեկ էական լրացում պետք է կատարենք Հայաստան-սփյուռք համատեղ աշխատանքում։ Միասնականության եւ պատասխանատվության համատեղումն է դա։ Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ սփյուռք, ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական եւ ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։ Ուրեմն եկել է նաեւ միասնաբար զարգացման քաղաքականություն իրականացնելու ժամանակը։ Անկեղծ լինենք՝ մինչ այսօր դա ընդգծված իրականություն չի եղել։ Քիչ բացառություններով՝ Հայաստանում մշակվել եւ իրականացվել է այս կամ այն ոլորտի քաղաքականությունը, ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցները հրավիրվել են մասնակցելու կամ օժանդակելու։ Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձեւաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, եւ վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց եւ ինչը՝ ոչ։ Այս ողջ գործընթացում բացառելու ենք չհասկացվածության սուր անկյունները, խուսափելու ենք «մենք ասեցինք, մեզ չլսեցիք» ձեւակերպումներով թեւաթափ երեւույթները, յուրաքանչյուր կարող եւ ցանկություն ունեցող հայի համար փորձելու ենք գտնել գործելու եւ պատասխանատվություն ստանձնելու սեփական հատվածը։
Մենք պատրաստ ենք բաց եւ շիտակ քննարկումների: Ես ինքս նման քննարկումներ անցկացնելու համար օգտագործում եմ յուրաքանչյուր առիթ, հատկապես՝ իմ արտասահմանյան այցերի ընթացքում: Հիմա արդեն դա դարձնելու ենք մշտական գործող մեխանիզմ Հայաստանում։ Այս թեմայի շուրջ մենք երկար ենք խոսել վարչապետի հետ։ Կառավարությունը պատրաստ է դառնալ Հայաստան-սփյուռք գործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շարժիչը։
Եվ մենք միասին ենք աշխատելու Հայաստանի որեւէ ոլորտն առաջ տանելու քաղաքականության իրականացման հարցում։ Այնպես, ինչպես այսօր մեր երկրում կառավարության հետ միասին ամեն օր որեւէ բան են փոխում Էդուարդո Էռնեկյանը, Սամվել Կարապետյանը, Վաչե Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Սեմ Սիմոնյանը, Վարդան Սերմաքեշը, ովքեր տնտեսության շատ կոնկրետ ոլորտներում նոր մշակույթ են ներդնում եւ զարգացում են ապահովում։ Այնպես, ինչպես մեր երկրի խնդիրների լուծման ճանապարհների որոնման հարցում շատ հաճախ ինստիտուցիոնալ դերակատարություն են ստանձնում հայ եկեղեցին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի գրասենյակները, Ամերիկայի հայկական համագումարը, աշխարհասփյուռ մեր մյուս կառույցները։ Բայց մենք դժվար թե այնքան ժամանակ, անկեղծ ասեմ, նաեւ ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք կամ առնվազն բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել, չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել եւ աջ ու ձախ փնովում ու մեղադրանք են տարածում։
Վստահ եմ՝ սա անհեռանկար զբաղմունք է, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու է։
Այսօր մենք ամրագրում ենք, որ նոր թափ ենք հաղորդում աշխարհասփյուռ հայերի ներուժի համադրմանը։ Հայաստանի տարբեր բնագավառների քաղաքականության մշակման եւ իրականացման գործում փորձելու ենք ներգրավել պատասխանատվություն ստանձնել ցանկացող կարող ուժերին եւ պայմանավորվում ենք, որ խնդիրների լուծումն այսուհետ միասնության ու պատասխանատվության դաշտում է, այլ ոչ թե միակողմանի հրապարակային կոչերում կամ միջազգային մամուլի էջերում: Մենք ոչ թե առանձին ինքնաառաջադրվածների վերահսկողության, այլ սրտացավ եւ խնդիր լուծել կարողացող հայրենակիցների համագործակցության կարիքն ունենք։ Շատ ունենք։ Եվ կարծում եմ, որ հիմա իսկական տեղն ու ժամանակն է, որպեսզի մենք մեր երախտագիտությունը հայտնենք բոլոր նրանց, ովքեր Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում ու Սփյուռքի գաղթօջախներում բարեգործություններ են կատարում: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեծ միջոցներ են հատկացնում ու նաեւ, իհարկե, նրանց, ովքեր իրենց հնարավորությունների սահմաններում են դա անում, ընդհուպ մինչեւ երեկ չէ առաջին օրը տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում 23-24 եվրո նվիրաբերող մարդկանց: Եկեք միասին շնորհակալություն հայտնենք բոլորին:
Անշուշտ մեր ուշադրության կենտրոնում են մնալու նաեւ աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանության եւ երիտասարդության ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքները: Այսօր չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել մեր ձեռքբերումներով: Պետք է սահմանենք նոր նշաձողեր: Մեզ պատմական առիթ է տրվել հանդես գալու բազմապատիկ ուժով՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի հնարավորությունները:
Հարգելի՛ գործընկերներ,
Նշածս առաջնահերթություններն առաջիկա տարիների ընթացքում կլինեն մեր քայլերի ուղենիշները։ Մենք շարունակում ենք լինել այն հիմնական քաղաքական թիմը, որը Հայաստանում իրականացնում է քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները։ Պատահական չեմ օգտագործում «թիմ» եզրույթը։ Այո՛, ես համոզված եմ, որ հանրապետական լինելը առաջին հերթին նշանակում է լինել գործընկեր, լինել թիմակից, լինել համախոհ:
Սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ մենք մեր համախոհների եւ գործընկերների շարքերը սահմանափակում ենք միայն մեր կուսակցական ընկերներով: Դրա լավագույն ապացույցն է մեր կառավարությունը, որի կազմում Հանրապետականի հետ արդյունավետորեն համագործակցում եւ աշխատում են մեր կոալիցիոն գործընկերները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, մեր անկուսակցական գործընկերները, ովքեր լուրջ պատասխանատվության շրջանակներ են ստանձնել: Այդ իրականությունն ապացուցում է նաեւ այն հանգամանքը, որ բազմաթիվ կուսակցական ղեկավարներ իրենց ճակատագիրը կապել են Հայաստանի հանրապետական կուսակցության հետ՝ ՀՀԿ-ի հետ մասնակցելով ընտրություններին ու նաեւ աշխատելով մեր խորհրդարանում:
Հանրապետականը համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ եւ հայրենասեր ուժերի ու անհատների համար: Մենք պատրաստ ենք աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը քարի վրա դնել՝ մեր ընդհանուր տունը շենացնելու համար:
Մենք հավատում ենք մեր ժողովրդին, հավատում ենք աշխատելու, սովորելու, նորն ընկալելու եւ կիրառելու նրա ունակությանն ու պատրաստակամությանը:
Մենք հենվելու ենք ամուր եւ ավանդական ընտանիքի արժեքների վրա: Այո՛, ընտանիքը դիտարկում ենք որպես ողջ հասարակության մանրակերտ եւ պետության առաջընթացի կարեւոր խթան: Եվ հենց ընտանիքին բնորոշ համերաշխությամբ մենք հետեւողականորեն լուծելու ենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները»:











