Բացի Վանաձոր քաղաքի տնտեսությունը բնականոն հունի մեջ դնելուց, այլ գործողությամբ չեմ զբաղվում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն՝ անդրադառնալով   այն լուրերին, որ ինքը բանակցություններ է վարում նիստը բոյկոտողների հետ, որ վերադառնան բնականոն աշխատանքի:

Նա ընդդիմադիր դաշինքի քաղաքականությունը համարում է լրատվական դաշտում դրսեւորվելու միտում. «Այլ տեղեր ինքնադրսեւորվելու փոխարեն լրատվական դաշտում դրսեւորվելու միտումներ են դրանք: Ավագանու նիստ նախատեսված չի եղել, եւ ես հիմա բացի քաղաքի տնտեսությունը բնականոն հունի մեջ դնելուց, այլ գործողությամբ չեմ զբաղվում»:

Լրագրողների դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստանը» նրան ընտրված քաղաքապետ չի համարում, Մամիկոն Ասլանյանն արձագանքել է. «Բա ո՞վ է ընտրված քաղաքապետը:  Ովքե՞ր են ընդդիմությունը, հենց ասեք՝ ով է ընդդիմությունը: Ես նման դաշինք չգիտեմ»:

Լրագրողների հակադարձմանը, այդ դեպքում որ ուժն է իր իմացած ընդդիմությունը, ասել է. «Մի՞թե իմ տրամաչափն այնքան մեծ է, որ ես կարողանամ Հայաստանի մասշտաբով ընդդիմության տարանջատում դնել»:

Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո դեռ չի հաջողվել ավագանու նիստ գումարել: Բանն այն է, որ ավագանու նիստ գումարելու համար անհրաժեշտ է ավագանու 17 անդամի ներկայությունը, սակայն ՀՀԿ-ն ու նրա կոալիցիոն դաշնակից ՀՅԴ-ն միասին՝ ունի միայն 15 անդամ, իսկ ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» միասին՝ 18 անդամ: