ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տիգրան Մեծ պողոտայում գործող խանութ-սրահից 2 բջջային հեռախոս հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2016թ. նոյեմբերի 13-ին ՝ ժամը 17:55-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Տիգրան Մեծ պողոտայում գործող ուլունքների խանութ-սրահի սեղանի բաց դարակից գաղտնի հափշտակել է քաղաքացու` նույն մոդելի 2 հատ բջջային հեռախոս՝ վերջինիս պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են խանութ-սրահի տեսանկարահանող սարքերի՝տվյալ օրվա տեսագրությունները եւ ենթարկվել զննության։ Տեսանյությում երեւում է, թե ինչպես է մի երիտասարդ վերցնում դարակում դրված բջջային հեռախոսները եւ հեռանում:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու համար։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որեւէ տեղեություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:












