Վանաձորում, այսօր՝ դեկտեմբերի 10-ի գիշերը ժամը 06.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել քաղաքի ավագանու նախկին անդամ Վահան Մխիթարյանի տնակում, որը գտնվում է Ծիծեռնակ ճամբարի հարեւանությամբ՝ Վանաձոր հանգստի գոտում:

Զանգով դեպքի վայր հասած Վահան Մխիթարյանը տնակը հայտնաբերել է կրակների մեջ: Թե հստակ երբ է բռնկվել հրդեհը, ավագանու նախկին անդամը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժվարացավ ասել, միայն նշեց՝ մոտավորապես 4-5 ժամ առաջ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Վանաձոր քաղաքի ոստիկանները, Լոռու մարզի քննչական վարչության աշխատակիցները, մարզի հրշեջ-փրկարարներն այս պահի դրությամբ իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրշեջների կողմից հրդեհը մարելու ընթացքում պայթյուն է տեղի ունեցել եւ կասկածներ կան, որ տնակում զենք-զինամթերք է եղել:

Տնակի հրդեհումը դիտավորության, թե պատահականության արդյունք է, Վահան Մխիթարյանը դժվարացավ ասել, խոստացավ դեպքի հետ կապված մանրամասներ տրամադրել հրդեհի հետ կապված աշխատանքներն ավարտելուց հետո:

Նշենք, որ Վահան Մխիթարյանը նախորդ երկու գումարման ավագանու անդամ էր, մշտապես աչքի էր ընկնում իր ընդդիմադիր կեցվածքով: