Պահեստազորի վարժական հավաքներ անցկացվում են կառավարության որոշմամբ, պահեստազորայինը համարվում է զինծառայող, նրա համար սահմանվում է պաշտոնային դրույքաչափ, ամրակցվում է զենք զինամթերք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով լսումների ժամանակ նշել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կազմազորահավաքային վարչության ղեկավար Կամո Քոչունցը:

Նրա խոսքով, վարժանքի ընթացքում քաղաքացու աշխատատեղը պահպանվում է` անկախ այն հանգամանքից՝ մասնավո՞ր, թե՞ պետական հատվածում է նա աշխատում: Ըստ այդմ, պահեստազորը հավաքվում է 3 օրում, վերապատրաստվում` 7, պատրաստվում` 10 օրում:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հարցին, թե իրականացվե՞լ  են լրացուցիչ միջոցառումներ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո եւ ինչ դասեր է քաղել պետությունը «Շանթ 2015» զորավարժությունից, Քոչունցը պատասխանեց, որ հարցին կարող է անդրադառնալ միայն նիստի գաղտնի հատվածում: Ինչ վերաբերվում է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո լրացուցիչ քայլերին, Քոչունցը նշեց, թե լրացուցիչ միջոցառում իրականացվել է սփյուռքի կամավորականների մասնակցությամբ, իսկ թե ինչ այլ քայլեր են կատարվել, կրկին պետական գաղտնիք էր:

Թեւան Պողոսյանի դիտարկմանը, թե ՀՀ եւ ԼՂՀ զինվորականները բազմիցս հայտարարել են, որ մատների արանքով են նայել պահեստազորային համակարգին, Քոչունձն արձագանքեց. «Երբեւիցե մատների արանքով չի նայվել պահեստազորային խնդիրներին, մինչեւ ապրիլյան գործողությունները եւ դրանից հետո էլ: Դա Ձեր կարծիքն է, ես՝ որպես տվյալ գործառույթի պատասխանատու չէի ասի: Աշխատանքներ կատարվել են»: