Ոստիկանությւոնը մանրամասներ է ներկայացրել Երեւանի տներից մեկի կողոպուտի վերաբերյալ: Դեպքն Աջափնյակ վարչական շրջանում է տեղի ունեցել՝ ամիսներ առաջ։ Ուշ գիշերով երկու հոգի Եղիազարյան փողոցի տներից մեկի դարպասով ներս էին մտել, բացել ննջարանի պատուհանը, տունը տակնուվրա արել, մյուս ննջարանում գտել էին չհրկիզվող պահարանը, էլեկտրական սղոցով կտրել, բացել , հափշտակել ոսկյա զարդեր եւ 3000 եվրո: Անգամ հասցրել էին հյուրասենյակից թանկարժեք խմիչքներ «թռցնել»։ Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկացել են հուլիսի 27–ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից։ Հարեւաններն էին տեսել, որ տանն ինչ–որ բան այն չէ եւ ոստիկանություն ահազանգել։ Տանտերերի հետ իրավապահները խոսել են ավելի ուշ.
«Մենք գնացել էինք հանգստանալու, մեր մտերիմները զանգեցին, ասացին, որ տանը գողություն է կատարվել»,-ոստիկանությունում պատմել են տանտերերը:
Կողոպտիչները տեղյակ էին եղել, որ էլեկտրական սղոցն ու գործիքները նկուղում են, տեղյակ էին եղել ոչ միայն որ տանը փող ու ոսկեղեն կա, այլեւ թե որտեղ են դրանք պահվում։ Վարկածը, թե հարեւանները կարող էին լինել, հերքվեց։ Օպերատիվ–քննչական տարաբնույթ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը հնարավոր է՝ կատարած լինեն Զովունի գյուղի բնակիչներ Կարեն Մխիթարյանը, Անդրանիկ Ղազարյանը եւ Երեւանի բնակիչներ Վարազդատ Մաթեւոսյանն ու Գեւորգ Նազարյանը։ Նոյեմբերի 30–ին Մխիթարյանը, Մաթեւոսյանն ու Նազարյանը բերման ենթարկվեցին ոստիկանության Մաշտոցի բաժին։ Գեւորգ Նազարյանը տուժողի տան վարորդն է։ Ըստ նախնական վարկածի՝ ինքն է ընկերներին ասել, որ տանտերերը հանգստանալու են մեկնել, նաեւ, թե բնակարանում որտեղ ինչ կա. «Ես էդ մարդկանց տանը վարորդ եմ աշխատել, այսինքն նրանց տան ամեն ինչն իմացել եմ։ Տղերքից մեկին ասացի, որ տանտերը գնալու ա հանգստանալու, չնայած ինքն էլ էր տեղյակ: Տենց խոսակցություն ա եղել, որ կարող ա էս մարդկանց տանը մեծ գումար լինի։ Հետո իրանք տղերքով կազմակերպել, արել են»,-աստիկանությունում պատմել է կասկածյալը:
Վարազդատ Մաթեւոսյանն ասել է, որ ինքը տուն չի մտել, բայց ընկերներին ներս մտնելու համար համապատասխան գործիքներ է տվել, օգնել է գողոնը տեղափոխելիս. «Երեկոյան 6–ի կողմերն էր, եկանք Կվարտալ։ Գեւորգն ու Կարենն արդեն իրար տեսան, հետներս մի հոգի էլ կար՝ Անդրանիկը։ Նենց ա, որ պլանավորել էինք գողություն։ Գեւորգը բերեց լոմ, ձեռնոցներ ու մայկեք տվեց ինձ, որ տամ Կարենենց, որպեսզի գողությունը կատարեն։ Ես էլ տվեցի իրանց։ Վերջում օգնել եմ իրանց, որ էդ ցելաֆոնները տանեն ընդեղից»։
Կարեն Մխիթարյանը գլխավոր դերակատարներից մեկն է։ Նա է Անդրանիկ Ղազարյանի հետ տուն մտել ու հափշտակել այն, ինչի համար հիմա բոլորով ոստիկանությունում են։ Չի հերքում արարքը, պարզապես փորձում է մեղմ գույներով ներկայացնել եղելությունը. «Լուսամուտը սեղմեցինք, բացվեց, մտանք ներս։ Մտանք, քանդրտեցինք, ոչ փող, ոչ ոսկի չհայտնաբերեցինք։ 6 շիշ կոնյակ ենք վեկալել»։ Իսկ չհրկիզվող պահարանի մասին ոչ մի խոսք։ Երեւի իրեն–իրեն էր էլեկտրական սղոցի տակ ընկել։
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ 4–րդ մասնակցին՝ Անդրանիկ Ղազարյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Քննությունը շարունակվում է։











