ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ԱԺ արտահերթ նիստի ընթացքում դիմելով Էդուարդ Շարմազանովին, հետաքրքրվեց՝ արդյոք Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչներից 1000 դրամ է գանձվելու, թե նրանց աշխատավարձի 1 տոկոսը:

«Ես հորդորում եմ ձեզ, որպեսզի կողմնորոշվեք, թե որ գումրան է վճարելու Ազգային Ժողովի աշխատակազմը: Երբ նախորդ անգամ այս խնդիրը բարձրացրի, որոշ անհանգիստներ չգիտես ինչու ասացին՝ ԲՀԿ-ն չի միացել այդ նախաձեռնությանը: Չենք միացել եւ լավ ենք արել, որ չենք միացել: Բայց դա չի նշանակում, որ մենք մեր պարտքը չենք կատարել, ովքեր շատ անհանգիստ են, կասեմ, թե ինչեր ենք արել ԲՀԿ-ի պատգամավորների հանգանակած գումարներով: Սա կրկնում եմ այն անհանգիստների համար, որոնք ասում են, որ ԲՀԿ-ն այդ նախաձեռնությանը չի միացել»,-ասաց նա:  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը դիմելով Նաիրա Զոհրաբյանին՝ նշեց, որ Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատավարձից 1 տոկոս գումար գանձելու նախագիծը կամավորական հիմունքներով է:

«Տիկին Բարգավաճ Հայաստան կուսակցության տկին ղեկավարը շոշափեց իմ անունը, իհարկե, լավով շոշափեց, ես էլ լավով Ձեր անունը շոշափեմ: Տիկին Զոհրաբյան, Դուք ավելի հմայիչ եք եւ համոզիչ, երբ ավելի հանգիստ եք խոսում եւ հաստատ համոզված եղեք, որ սա որպես ունկնդիր եմ ասում: Ասեմ, որ Ազգային Ժողովի առաջարկած նախագիծը կամավոր է, պարտադիր չէ: մենք ընդամենը կամավոր դրամահավաք ենք կազմակերպել Թալիշի դպրոցի վերականգնման համար եւ արդեն 5 միլիոնից ավելի գումար է հավաքվել»,-ասաց նա: