50 մկմ-ից մինչեւ 2 մմ չափսեր ունեցող ոչ երկրային ծագման մասնիկները կոչվում են միկրոերկնաքարեր։ Դրանք բարձր արագությամբ հատում են Երկրի մթնոլորտը, նստվածք տալով մոլորակի մակերեսին, հայտնում է Nat-geo–ն։
Տիեզերական փոշու որոնման տեսակետից լավագույն վայրը համարվում է Անտարկտիդան, այնտեղ օդի աղտոտումն ամենացածր մակարդակի վրա է, իսկ մաքուր ձյան վրա սեւ փոշին տեսնելը հեշտ է։ Տիեզերական փոշի գտնում են նաեւ ծովի հատակին ու էկոլոգիապես մաքուր մյուս վայրերում։ Քաղաքներում այն խառնվում է կենցաղային ու տեխնածին աղտի հետ, դրա համար էլ այնտեղ սովորաբար ոչ ոք տիեզերական փոշի չի որոնում։
Սակայն շվեդ սիրողական գիտնական Յոն Լարսենին հաջողվել է մեգապոլիսներում տիեզերական փոշի գտնել։ Նա ստեղծել է Stardust նախագիծը ու երկար տարիներ հավաքում էր փոշին Օսլոյի, Փարիզի ու Բեռլինի շենքերի կտուրների վրայից։ Հետո Լարսենը այդ լուսանկարներն ու նմուշները ուղարկում է Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետներին։ Տարիներ շարունակ նրանք ստանում էին այդ տվյալները ու ի վերջո ստիպված եղան համաձայնել շվեդ էնտուզիաստի եզրահանգումների հետ։
Աշխատանքներին ներգրավվեցին մի քանի երկրների գիտնականներ։ Նրանք ուսումասիրեցին 300 կգ զանազան նյութերը, որոնք Լարսենն էր ուղարկել, ու այդ զանգվածից առանձնացրեցին 500 մասնիկ, որոնց ծագումը երկնաքարերի ու աստերոիդների հետ էր կապված։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Geology ամսագրում։ Տիեզերական փոշին քաղաքի կեղտից առանձնացնելը, պարզվել է, այնքան էլ բարդ չէր, որքան գիտնականները մինչ այդ էին կարծում՝ միկրոերկնաքարերը պարունակում են հանքանյութեր, որոնք մագնիսային հատկություններ ունեն։ Այսպիսով, դրանք կարելի է որոնել հասարակ մագնիսի օգնությամբ։
Բոլոր մասնիկները Երկրի վրա են ընկել վերջին վեց տարիներին ու այսօրվա դրությամբ դրանք միկրոերկնաքարերի ամենաթարմ նմուշներն են։ Դրանց ուսումնասիրությունը թույլ կտա ավելի շատ բան իմանալ Արեւային համակարգի պատմության մասին։











