Պաշտոնյաների ապօրինի հարստացման մասին օրենքը պետք է հետադարձ ուժ ունենա, որովհետեւ մինչեւ հիմա ինչ կա-չկա թալանեցին պրծան, սաղ տարել են երկրից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում պաշտոնյաների ապօրինի հարստացման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«20 տասնյակ մլրդից ավելի Հայաստանի ողջ ունեցվածքը դուրս են տարել, շուրջ 29 մլրդ դոլար, մնացել է ժողովուրդն ու Սեւանա լիճը»,-ասաց նա՝ հավելելով. «Պետք է այնպիսի հնարավորություն տանք օրենքին, որ տարածը հետ բերենք, թե չէ էլ բան էլ չի մնացել, որ գողանան, ապօրինաբար հարստանան»:

Ի պատասխան, օրինագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Իմ կարծիքն այստեղ կարեւոր չէ, այստեղ կարեւորը Սահմանադրությունն է՝ օրենքի խստացնող փոփոխությունը հետադարձ ուժ չի կարող ունենալ: Սրանով խստացնո՞ւմ ենք իրավիճակը, անկասկած այո: Կարո՞ղ ենք հետադարձ ուժ տալ, ոչ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Սրան անմիջապես արձագանքեց նիստը վարող Էդուարդ Շարմազանովը, ասելով՝ «Նոր ոճ է», նկատի ունենալով, որ ինքն իրեն հարց տալ ու պատասխանելը քաղաքականություն բերեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: