Իշխանությունները ստիպում են մտածել, որ ընտրություններից առաջ նրանք ուզում են պաշտպանել իրենց պետքական պաշտոնյաներին։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱԺ–ում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով ապօրինի հարստացման մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ իշխանություններն իրենք են առաջարկել օրինագիծը, սակայն արդեն առաջարկում են հետաձգել դրա կիրառումը մինչեւ 2017-ի հուլիսի 1-ը։ «Շատ պարզ ենթադրություն է ծագում. ապրիլին խորհրդարանական ընտրություններ են, ուստի մինչեւ այդ չեն ուզում պաշտոնյաներին ձեռք տալ»,– ասել է Զուրաբյանը։
Դրան ի պատասխան՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ կես տարով հետաձգումը պայմանավորված է կից օրինագծերը լրամշակելու անհրաժեշտությամբ։
Ապօրինի հարստացման համար առաջարկում են 3-6 տարով ազատազրկել եւ արգելել մի շարք պաշտոններ զբաղեցնել՝ գույքի բռնագրավմամբ։ Օրինագիծն առաջարկվում է կիրառել 2017-ի հուլիսի 1-ից։ Ապօրինի է համարվելու հարստացումը, որը մեծապես գերազանցում է օրինական եկամուտները եւ հիմնավորված չէ։











