ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ողջունում է առաջին կայացած դաշինքը` «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն», նաեւ նույն անկեղծությամբ ողջունում է «Համախմբում», «Ժառանգություն» կուսակցությունների եւ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քննարկումները` միասնական պլատֆորմ ձեւավորելու համար: Այս մասին նա այսօր՝ դեկտեմբերի 14-ին հայտարարել է Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Շատ կարեւոր է, որ գործիչները, որոնք ընդամենը 1-2 ամիս առաջ իրար հասցեին հնարավոր բոլոր եւ անհնար մեղադրանքները հնչեցնում էին, կարողացան այդուհանդերձ ներքին տարաձայնությունները դնել մի կողմ եւ միասնական, միասնաբար ձեւավորել մեկ միասնական քաղաքական օրակարգ»,- ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով, նոր Ընտրական օրենսգիրքը թելադրում է, որ խորհրդարանական ընտրություններն իսկապես լինեն այնպիսին, որ շատ կարեւոր է լինելու մեծ համախմբումներով հանդես գալը, որպեսզի հնարավոր լինի արդյունավետորեն մասնակցել ընտրություններին. «Ես պարոն Օսկանյանին միշտ համարել եմ շատ ազնիվ անձնավորություն եւ երբեւէ չեմ կասկածել իր ազնիվ մտադրություններին մեր երկիրը տեսնել ազատ, արդար, բարգավաճ, եւ իսկապես ցանկանում եմ, որպեսզի այս համագործակցությունը կայանա»:
Հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ն էլ միանա «Համախմբմանը», Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի հետ կապված հարցերին կպատասխանի միայն Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո, բայց ԲՀԿ-ն որեւէ քաղաքական ուժի հետ դաշինք քննարկելու խնդիր չունի. «Թե ինչ հնարավոր քայլեր կանի ԲՀԿ-ն, բոլոր հարցերը պատեհ պահի, իսկ դրա հնարավորությունը դուք կունենաք առաջիկայում, կուղղեք պարոն Ծառուկյանին»:
ԲՀԿ ղեկավարը վստահություն հայտնեց, որ այս դաշինքները սպառնալիք չեն ԲՀԿ-ի համար եւ իրենք պատրաստ են բոլորի հետ ազատ, արդար մրցապայքարի. «ԲՀԿ-ն ունի իր կայուն էլեկտորատը: Կլինեն իշխանական, թե ընդդիմադիր դաշինքներ, ԲՀԿ-ն պատրաստ է բոլորին ընդունել որպես հավասար արժանապատիվ մրցակիցներ»:
Նար կարծիքով` տեսականորեն գուցե գեղեցիկ գաղափար է, որ ընդդիմադիր դաշտը մեկ միասնական ձեւով հանդես գար, բայց դա անհնար է, քանի որ դա կլիներ անընդունելի եւ կեղծ:











