Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում է` արդյոք չինովնիկը կարող է իսկապես խույս տալ մանր-մունր «չայեւոյներից եւ մաղարիչներից»:
«90-ականները բոլորն ունեին հավասար ստարտային պայմաններ բիզնեսի մեկնարկի համար: Մարդիկ ոգեւորված էին, ուզում էին բիզնես անել, այդ ժամանակ պաշտոնյայի աշխատավարձը մի յաչեյկա ձու էր, բայց կար ոգեւորվածություն: Անցան ժամանակներ, պաշտոնյան ժողովրդի աչքին սկսեց իր վարկանիշը գցել, որովհետեւ պաշտոնյա լինելը նշանակում էր թաթախվել, կեղտոտվել ինչ-որ բանի մեջ: Կարո՞ղ է պաշտոնյան հարյուր տոկոսով ստերիլ խույս տալ մանր-մունր չայեւոյներից, մաղարիչներից»,- այսօր` դեկտեմբերի 14-ին, պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավորը:
Միքայել Մելքումյանին զարմացրել է նախօրեին ձերբակալված պաշտոնյան, որը 37 հազար դրամի կաշառք է վերցրել քաղաքացուց. «Մտածում ես` այդ 37 հազար դրամն ինչ է անելու, կենսամակարդակի վրա ճակատագրական նշանակությո՞ւն էր ունենալու: Ունենք պաշտոնյա, որը փուռն է գնում, ուղեղը չի գիտակցում, որ այդ դաշտը պետք է չորանա: Մենք պետք է այնպիսի մեխանիզմ ստեղծել, որ կարողանանք ապահովել այդ դաշտը չորանալու համար: Եթե նախարարն անցնում է տասնյակ միլիոնավոր դոլարների ծրագրերի միջով եւ գիտի, որ կամ վերեւում են ուտելու, եւ ներքեւում, ինչ պիտի անի. Կամ պիտի աշխատանքից դուրս գա, կամ ինքն էլ օգտվի դրանից»:











