ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հնարավոր է համարում քաղաքական գործընթացներին իրենց երբեմնի թիմակից, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությունը:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի, նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավոր դաշինքին:
«Քանի որ պարոն Օհանյանը դեռեւս նման հայտարարություներով հանդես չի եկել, կարծում եմ՝ եմ չարժի մեկնաբանություն անել դրա հետ կապված: Սպասենք տեսնենք Սեյրան Օհանյանը հայտարարություն կհնչեցնի՞ քաղաքականության մեջ գործունեություն ծավալելու վերաբերյալ, թե՞ ոչ»,-ասաց պատգամավորը:
Հարցին՝ կարո՞ղ է Օհանյանը հանդես գալ ընդդիմադիր դիրքերից՝ հաշվի առնելով նախկինում իր զբաղեցրած պաշտոնը, ՀՀԿ-ականը պատասխանեց. «Դա ցանկացած անձի որոշելիքն է, թե որ դաշտում կարող է հանդես գալ, նախ պետք է մասնակցի, իսկ հետո ժողովուրդ կորոշի՝ ինքը դիմադիր է, թե՞ ընդդիմադիր: Ես հնարավոր համարում եմ, որ նա կմասնակցի քաղաքական գործընթացներին, դիմադիր, թե ընդդիմադիր իր խնդիրն է»:











