Պաշտոնյաներ կան, որոնց անվան հետ կապված են այնպիսի թվեր, որ նույնիսկ մեր մտքով չի անցնում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Ընդ որում այնքան էլ մեծ պաշտոնյաներ չեն եղել, այլ եղել են խոշորների խողովակները: Մեր ցավն անցյալում է, մեր ունեցվածքը թաղվել է, իսկ հիմա ասում ենք՝ եկեք հանենք այդ գողացածը: Երբ բարեգործություն են անում ու հսկայական փող են թափում, մեկը չի ասում՝ հլը մի հատ տեսնեմ, ո՞ր փողերից ես բաժանում: Կամ հլը նայեք Մոնումենտի 10, 20, 30 միլիոնանոց տները: Վարպետները դուրս են գալիս, ասում են, որ կիլոներով ոսկի են բերում պատերը զարդարելու համար: Մեկը հացի փող չունի, մեկին ԴԱՀԿ-ն թողել ա դուրս, իսկ պաշտոնյաները ոսկեջրում են իրենց պատերը: Ի՞նչ ա, հետները տանելու են այն աշխարհ: Էդ ու՞մ պապներն են Թրամփի նման միլիոններ թողել իրանց, որ այսքան տարի չենք ճանաչել: Թրիքներից էն յան իրանց պապաները բան չեն տեսել: Պատին էին ծեփում, որ հաց թխեն, ուտեն, իսկ իրանց տղաները ոչ թե միլիոնատեր, այլ միլիարդատեր են ու եկել մեզ սովորացնում են` ինչ անենք ու ոնց անենք»,- ասաց Հեղինե Բիշարյանը: