Պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծով կանխելու ենք բոլոր չարաշահումներն ու չարաշահողներին: Այսօր` դեկտեմբերի 14-ին, օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը:

«Ես էլ եմ ծայրահեղական այս հարցում, բայց մարաթոնյան դիստանցիան սկսում է առաջին քայլից, անհնար է մի քայլով հասնել ֆինիշի, պետք է ստարտ տալ: Ասում եք` ինչի մինչեւ հիմա չեք արել, ինչի եք հիմա սկսում: Բա դուք սկսեիք, էստեղ ներկա բոլորդ էլ իշխանություն եք եղել, սկսեիք: Էսօրվա իշխանությունն էնքան լայնախոհ է, որ ընդդիմության դրական գաղափարները կյանքի է կոչում: Սա իհարկե պետք է շարունակություն ունենա, բայց չպետք է դառնա մահակ քաղաքական հետապնդումների համար»,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաեւ Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե Լեւոն Տեր- Պետրոսյանը պատրաստ է անցնել ստուգում: Ըստ Շարմազանովի` դահլիճում ներկա անձինք, այդ թվում լրագրողները պատրաստ են փորձաքննության. «Ուզում եք լրագրողական հետաքննություն սկսեք, ուզում եք ընդիմադիր հետաքննություն սկսեք, ուզում եք միջազգային փորձագետներ հրավիրեք, մենք որեւէ խնդիր չունենք: Գողը պիտի նստի բանտում: Պետական բյուջեից փող գողանալը բարոյական չէ եւ ես որպես հունական ծագում ունեցող անձնավորություն, կողմ եմ Դրակոնյան օրենքներին, որոնք դեռ մ.թ.ա. եղել են Հին Հունաստանում: Բյուջեից փող գողանալը պետք է լինի դատապարտելի: Իսկ մեր հասարակության մեջ էն պաշտոնյան, որ աշխատավարձով ա ապրում, մոնոպոլիաներ չունի, բիզնեսներ չունի, ասում են ՝ դե, հարիֆի մեկն ա էլի: Մենք պետք ա մտածելակերպը փոխենք ժողովրդի»: