Ապօրինի հարստացումը քրեականացնելու օրենքը քաղաքական դիվիդենտներ շահելու համար չէ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Կարծում եմ՝ բերվել է այն ժամանակ երբ այդ ուղղությամբ աշխատանքները արդեն նախագծին տվել են վերջնական տեսք: Նախագիծը չի ներկայացվում ինքնին միայն որպես քաղաքական դիվիդենտ հավաքելու գործիք: Նախագիծը ներկայացվում է համակարգային փոփոխությունների մեջ»,- ասաց Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյոք ապօրինի հարստացումների փաստեր են նկատել, որ որոշել են նման նախագիծ ներկայացել, նախարարը պատասխանեց. «Ոչ թե ինչ որ մեկը միտում տեսավ, կամ ապօրինի հարստացողներ կան, այլ երկրում կա որոշակի իրավիճակ և կոռուպցիոն հանցագործություններ: Բավարարո՞ւմ է արդյոք կոռուպցիոն հանցագործության բացահայտման մեխանիզմը, կարող է որոշ մարդիկ ասեն՝ այո, որոշ մարդիկ ասեն՝ ոչ:
Ես համարում եմ, որ օրենքը՝ ապօրինի հարստացումը որպես կանխող գործիք, բավականին լուրջ նշանակություն ունի: Մենք բոլորս ակնկալում ենք տեսարանային երևույթների, որ կոռուպցիայի դեմ պայքարը նշանակում է ինչ-որ մեկի կախաղան հանել, կտրել, թափել և այլն: Դա նորմալ է, դա պիտի լինի, բայց ինձ համար հսկայական նշանակություն ունի հիվանդության կանխումը: Ինչ անել, որ մի փոքր կանխենք, ես չեմ ասում հարյուր տոկոսով, այդպիսի բան հանկարծ չմտածեք, ես ասում եմ մի փոքր, որ յոթանասուն տոկոս, հիսուն տոկոս նվազեցնի: Ապօրինի հարստացման օրենքնը անելո՞ւ է այդ գործը՝ անկասկած, այո: Համոզված եմ ասում»:
Արփինե Հովհաննիսյանը շարունակեց, որ եթե պաշտոնյանները ինչ որ տեղից փոխառություն ստանան, ապա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը իրավունք ունի պարզելու՝ արդյոք նվիրատուն ուներ փողը պարտքով տալու ֆինանսական հնարավորությունը:
Դիտարկմանը՝ արդյոք հանձնաժողովն այսքան տարի նման լծակներ չունենալով չի ծավալել ոչ արդյունվետ գործունեություն, արձագանքեց, թե հանձնաժողովին տրված գործիքներ վատն են եղել, սական օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում շատ լուրջ աշխատանք է տարել:











