Հայաստանի Խուլ-համրերի միավորման նախագահն արդեն մի քանի տարի է, ինչ չի լուծում միավորման անդամների խնդիրները եւ իր պաշտոնը ծառայեցնում է սեփական շահերին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կառավարության շենքի դիմաց NEWS.am-ի թղթակցին պատմեցին միավորման անդամները։

Խուլ-համրերը հավաքվել էին կառավարության դիմաց եւ հանդիպում էին խնդրում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քանի որ, ըստ նրանց, միայն վարչապետը կարող է լուծել իրենց խնդիրը. «Հույսը մնացել ա Կարեն Կարապետյանը»։

Խուլ-համրերը պահանջում են Հայաստանի խուլերի միավորման նախագահի հրաժարականը: Նրանց խոսքով՝ նախագահը աշխատում է սեփական շահի համար եւ իրենց ուշադրություն չի դարձնում:

«Քաղաքապետարանը փող ա տվել, բայց ինքը ոչ մի բան չի արել մեր համար: Կեղտոտ գործեր ա անում, իրա համար ա անում ու ֆսյո, իրա անձնական կյանքի համար փողեր ա դնում: Մենք՝ խուլերս ի՞նչ օգուտ ունենք դրանից։ Ասել ա՝ ես ուժեղ եմ, քանի Սերժը աշխատում ա, ես էլ պիտի աշխատեմ»,- ասում է նրանցից մեկը:

Խուլ-համրերը պատմում են, որ արդեն մոտ 8 տարի լարվածություն կա իրենց եւ նախագահի միջեւ. «8 ամիս ա կա լարվածությունը, ստիպված, հարգելով չբողոքեցինք, մնաց աշխատեց, բայց արդեն համբերության բաժակը լցվել ա, 500 հոգի ստորագրել ենք, որ հրաժարվի, եթե լավ մարդ ա, թող դուրս գա»։

Խուլ-համրերը դիմել են նաեւ դատարան, քանի որ առանց իրենց իմացության կանոնադրություն է փոխվել, եւ նախագահի ընտրությունները անցկացվելու են ոչ թե 2 տարին մեկ, ինչպես նախկինում էր, այլ՝ 4 տարին մեկ։

«Առանց նախագահության անդամների նա ընտրվել ա։ 2015թ. պետք է համագումար լիներ, բայց ասեցին, որ կանոնադրությունը փոխվել ա, 4 տարին մեկ ա դարձել ընտրությունը: Դիմել ենք դատարան, մենք գնում ենք դատարան ինքը չի գալիս, ի՞նչ օգուտ: Կարճ-կոնկրետ խնդրում ենք, որ ինքը հրաժարվի»,- ասաց մեկ ուրիշը։