2008 թվականից հետո ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործվի: Այս մասին Արցախում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հարցին:
Ռուբեն Բաբայանն իր անհանգստությունն է հայտնել հանրության շրջանում ահագնացող ագրեսիայի, անհանդուրժողականության կապակցությամբ` սկսած ընտանեկան մակարդակից մինչեւ իշխանության վերին ատյաններ:
«Կարելի է մշտապես քարոզել հանդուրժողականություն, կրկնակի ավելացնել ոստիկանությունը, խստացնել օրենքը, բայց կարծում եմ` բռնության գաղափաախոսության դեմ միակ ռեալ ուժը մշակույթն է: Վերջին 20 տարվա ընթացքում մենք թերացել ենք մի շատ կարեւոր հարցում. այն կոչվում է մշակութային կրթություն: Երբեւիցե չենք ունենա քաղաքակիրթ հասարակություն, եթե լուրջ ուադրոթյուն չդարձնենք մշակութային կրթությանը: Ինչպե՞ս փոխենք սա»:
Ի պատասխան Ռուբեն Բաբայանի հարցի` Սերժ Սարգսանը շեշտել է, որ 2008 թվականից այս կողմ ամեն ինչ արել են, որ բռնությունը չօգտագործվի որպես գործիք:
«Մենք ոչ միայն խոսքով, այլ գործով երբեք բռնության կողմնակիցը չենք եղել, այնքան մեղմություն, որ իմ խոսքերն են մշտապես պարունակում, դժվար գտնեք մեկ այլ երկրում, գոնե մեր տարածաշրջանում: Բացի դրանից մենք կոնկրետ փաստերի հետ ենք առնչվել, բայց կոնկրետ 2008 թվականից հետո ամեն ինչ արել ենք, որպեզի բռնությունը որպես գործիք չօգտագործվի: Հուլիսյան դեպքերի ժամանակ, իմ պատկերացմամբ, մի առիթ էր, որ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, եւ որեւէ միջազգային կառույց կամ որեւէ այլ պետություն կշտամբանքի որեւէ խոսքեր չէր կարող ասել, բայց մենք մեծ ռիսկի դիմելով` գնացինք քայլերի, որ ի վերջո շատ փոքր արյուն եղավ: Սա ոչ թե մենք արել ենք, որպեսզի մեզ ծափահարեն, այլ օրինակ ենք ցույց տվել, (նույնիսկ բռնություն չի կարելի անվանել) թե ինչպես կարելի վարվել մարկանց հետ, ովքեր փորձում են զենքով փոխել իշխանությունը, զենքով գալ իշխանության»:
Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ բռնությունը չի կարող բացառվել հանրության կյանքից եւ մատնացույց արել աշխարհի զարգացած երկրները:
«Որքան էլ հասարակությունը զարգանա, եւ աշխարհի պատմությունը դա է ցույց տալիս, բռնությունները չեն բացառվելու մեր կյանքից: Վերցրեք եվրոպական ցանկացած երկիր, վերցրեք Միացյալ նահանգները` օրեկան ինչքան մարդ են սպանում եւ ինչ ձեւերով, ինչ մեթոդներով: Ինչպես ցանկացած հանցագործություն, բռնությունը եւս միշտ լինելու է մարդության բաղկացուցիչ մասը, իհարկե տարբեր ձեւափոխումներով, տարբեր դրսեւորումներով, բայց այնուհանդերձ մնալու է»,-ասել է ՀՀ նախագահը:











