Ծանրությունը չէ, որ մարդուն նեղում է, կաշկանդում է, մարդուն նեղում է որոշում կայացնելու պրոցեսը: Այս մասին Ստեփանակերտում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ  ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ժամանակ  մշակույթի նախկին փոխնախարար Դավիթ Մուրադյանը հետաքրքրվել է, թե որն է եղել  Սերժ Սարգսյանի  ապրած ամենամեծ դժվարությունն  ու բերկրանքը` որպես պետության ղեկավար, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը ասել է. 

«Ես շատ ավելի տագնապալի օրեր եմ ունեցել մինչեւ պետության ղեկավար  դառնալը: Պիտի ասեմ, որ ինձ համար ամենածանր պահը եղել է 92 թվականի աշնանը, երբ որ պետք է որոշում կայացվեր` որտեղ տալ ամենավճռական մարտը, որովհետեւ երկու հիմնական ուղղություններով էին ադրբեջանցիները գալիս` Մարտակերտ եւ Ասկերան: Ակնհայտ էր, որ մենք ի վիճակի չենք երկու տեղում էլ հաջողության հասնել, եւ տարբեր մտորումներից հետո որոշում կայացվեց, որ մենք պետք է պահենք Ասկերանը եւ կարողացանք: Դրանից հետո էլ, երբ որ ես արդեն վստահությամբ Հայաստանի  ղեկավարութանն ասացի, որ մենք կանգնեցրել ենք, բայց դա տեղի ունեցավ մեր շատ լավ, բառիս ամենալայն իմաստով, տղաների շնորհիվ: Այսինքն` ծանրությունը չէ, որ մարդուն կաշկանդում է, ծանրությունը չէ, որ մարդուն նեղում է: Իմ պատկերացումն  էդպիսին է` մարդուն նեղում է որոշում կայացնելու պրոցեսը:  Իսկ բերկրալի պահեր ինչքան ուզես կլինի` Շուշիից սկսած մինչեւ Արարատ 73-ը: Բերկրալի պահեր շատ են եղել, շատ, որոշում կայացնելը դժվար բան է»,-ասել է Սերժ Սարգսյանը: