Գրքի խնդիրը լուրջ է, ամբողջ աշխարհով այդպես է, էլեկտրոնային միջոցները փոխարինում են թղթին: Այս մասին Ստեփանակերտում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը բարձրացրել է քաղաքական վերնախավի հակագրքային մոտեցումների խնդրի մասին, որն էլ բերում է երկրում գրքի օտարվածությանը: Գրականագետը  Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է հակագրքային տրամադրվածության խնդրի լուծումներով, ինչին ի պատասխան Սերժ  Սարգսյանն ասել է, որ չի կարծում` այնպիսի մեծ արժեքներ են ստեղծվում, որ հասարակությունն էլ չի ընկալում:

«Խնդիրը լուրջ է: Ամբողջ աշխարհով այդպես է, էլեկտրոնային միջոցները փոխարինում են թղթին: Պետք է գրողներն էլ էս պրոցեսը ընկալեն եւ փորձեն մատչելի դարձնեն իրենց ստեղծագործությունը, որպեսզի գիրքը տարածվի: Առաջին հերթին, իրոք, պետք է արժեք լինի, բայց էդ արժեքը չպիտի որոշի ոչ գրողը, հեղինակը, ոչ էլ երկու-երեք հոգի, պահանջված գիրքը միշտ էլ ընթերցվում է: Չեմ կարծում, որ շատ մեծ արժեքներ ենք ստեղծում, եւ այդ արժեքները ուղղակի մեր ժողովուրդը կամ ընթերցասեր հասարակությունը չի ընկալում, չի ընդունում: Սա օբյեկտիվ է ամբողջ աշխարհի համար»,-ասել է ՀՀ նախագահը

Սերժ Սարգսյանը որպես լուծում առաջարկել է ոչ թե գրքի տպագրությունը ֆինանսավորել եւ այն պահել պահեստներում, այլ գնել տպագրված գիրքը եւ այդպիսով սատարել ստեղծագործողին:

«Եթե համարում եք, որ այսպիսի փոփոխությունը ինչ-որ կերպ կարող է օգնել,  օժանդակել, խնդրեմ: Մենք պատրաստ ենք առաջարկության: Գիրքը որպես ինչ եք ընկալում` որպես ի՞ր, ես կարծում եմ` մենք գիրքը ընկալում ենք որպես ինֆորմացիայի աղբյուր, որպես գեղարվեստական ստեղծագործություն, որպես միջոց աշխարհայացք ձեւավորելու: Եթե այս ֆունկցիան կատարվում է էլեկտրոնային միջոցով, ի՞նչ անենք,  ասենք` այդ միջոցը մեզ պետք չէ՞»,-ասել է Սերժ Սարգսյանը: