Ազգային ժողովում պատգամավորների՝ իրենց բացակա գործընկերների փոխարեն քվեարկելու արատավոր պրակտիկան շարունակվում է:

«Մեդիա եւ իրավունք» հասարակական կազմակերպության անդամ լրագրողները դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում հերթական անգամ տեսանկարահանել են, թե ինչպես են իշխող Հանրապետական կուսակցության թվով չորս պատգամավորները քվեարկում բացակայող պատգամավորների փոխարեն:

Հատկանշական է, որ այս անգամ ուրիշի փոխարեն գրանցվելու եւ քվեարկելու փաստը նկատել է նաեւ պատգամավոր Թեւան Պողոսյանը, որը տեղում բարձրացրել է հարցը: Ի պատասխան պատգամավորներ Թեւան Պողոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի դիտարկումներին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պատգամավորների՝ ուրիշի փոխարեն քվեարկելու փաստը եւ նշել, որ թող պարզվի՝ ով է քվեարկել ուրիշի փոխարեն, ու էթիկայի հանձնաժողովը կզբաղվի այդ հարցով:

«Մեդիա եւ իրավունք»-ն այս առնչությամբ հրապարակում է դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում ուրիշի փոխարեն պատգամավորների քվեարկության տեսագրությունները՝ հանրությանը տեղեկացնելու համար, թե ովքեր են կարգազանց պատգամավորները:

«Տեղեկացնում ենք նաեւ, որ այդ խնդրով «Մեդիա եւ իրավունք»-ը  կրկին դիմում է ուղարկել Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով: Տեսանյութերից պարզ է դառնում, որ այս անգամ ուրիշի փոխարեն քվեարկել են ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Դավթյանը, Վազգեն Կարախանյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ Արկադի Համբարձումյանը»,-ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ: