Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն իրենց առօրյան անցկացնում են տարբեր զբաղմունքներով՝ շախմատ, շաշկի խաղալով, Skype-ի սենյակում իրենց հարազատների հետ շփվելով, մարզասրահում մարզվելով եւ գրադրանում գիրք կարդալով: (ֆոտոռեպորտաժ)

Տուն-ինտերնատի երկրորդ մասնաշենքի առաջին հարկում խաղասրահն է, որտեղ կարելի է հանդիպել սեղանների շուրջն հավաքված տարեց տղամարդկանց՝ շախմատ ու նարդի խաղալիս, ինչ-որ բան քննարկելիս: Այդ սեղանների շուրջ հավաքված տարեցներից 76-ամյա Գրիգոր Տատյանը 1.5 տարի առաջ է եկել տուն-ինտերնատ, նա սիրում է իր ժամանակի մեծ մասն անցկացնել խաղասրահում, հիմնականում շախմատ է խաղում եւ համարվում լավ խաղացող: «Լավ ու վատ խաղացողներ կան, դրա համար էլ միշտ վեճեր են լինում: Պահ է լինում, որ նեղանում ենք իրարից՝ անգամ խռովելուց հետո երկար ժամանակ չենք խոսում միմյանց հետ: Հիմնականում էս սրահում շախմատ, նարդի ու կարտ ենք խաղում»,-ասում է տարեց տղամարդը՝ ավելացնելով, որ անգամ մրցույթներ են կազմակերպվում եւ հաղթողը դրամական պարգեւ է ստանում:

Շենքի նույն հարկում տուն-ինտերնատի գրադարանն է, որը, սակայն, այնքան էլ մարդաշատ չէ: Գրադարանավարուհին՝ Աղունիկ Սարգսյանը, նշում է, որ գրադարանից օգտվում է տուն-ինտերնատի բնակիչների ուղիղ կեսը: Նրա խոսքով՝ գրադարանում կա շուրջ 10 հազար գիրք՝ դետեկտիվ, արկածային, պատմական: Բնակիչնեն հիմնականում դետեկտիվ գրականություն են նախընտրում կարդալ:

«Բնակիչների կեսից ավելին կարդում են, կան նաեւ միայն թերթ կարդացողներ: Գալիս գրանցվում են մատյանում եւ գրքերը տալիս եմ, բայց կան նաեւ բնակիչներ, որոնք ի վիճակի չեն այստեղ գալու եւ ես եմ նրանց գրքերը տանում: Գրականությունը եւ ռուսերեն, եւ հայերեն տարբերակով է: Մի խումբ բնակիչներ ունենք, որոնք գրականության մեծ մասը կարդացել են, անգամ՝ մի գիրքը մի քանի անգամ: Գրադարանում նաեւ քննարկումներ են կազմակերպվում՝ գրքերի, գրողների, քաղաքականության մասին, որին ակտիվ մասնակցում են տուն-ինտերնատում խնամվողները»:

Մեկ հարկ ներքեւ Skype-ի սենյակն է, որը տուն-ինտերնատի բնակիչների համար ամենասիրելի անկյունն է. այստեղ նրանք կարողանում են առանձնանալ եւ թեկուզ համացանցի միջոցով շփվել հարազատների հետ....

Նորքի տուն-ինտերնատում 230 բնակիչ կա, որոնցից 120-ը կին եւ 110-ը տղամարդ է: 2016թ. տուն-ինտերնատ ընդունվել է 70 խնամվող, դուրս է գրվել 30 խնամվող, իսկ 40-ը՝ մահացել: