«Հայկական վերածնունդ» (առաջվա «Օրինաց երկիր») կուսակցության դռները բաց են Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ առողջ համագործակցության համար։ Այս մասին դեկտեմբերի 24-ին «Հայկական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թեւի համագումարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում գալիք խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած կուսակցության շանսերը՝ Բաղդասարյանը շեշտել է՝ «Փայլուն»։ Իհարկե, շարունակել է Բաղդասարյանը, քաղաքական դաշտում արդեն կան հայտարարված կոալիցիաներ։ «Ես ինքս, որպես քաղաքական գործիչ, ողջունում եմ քաղաքական միավորման ցանկացած փորձ։ Մենք մշտապես բանակցում ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, ու մեզ համար կարեւոր է, որ գալիք համապետական ընտրություններում իրոք հնարավորինս լայն համախմբում կայանա»,- նշել է նա։ Դա կարող է լինել մեկ բեւեռ, կարող են լինել մի քանի բեւեռներ։ «Բայց մենք դրա կայուն կողմնակիցներն են։ Այս պահի դրությամբ մենք խորհրդակցում ենք համագործակցության ձեւաչափերի հարցում։ «Հայկական վերածնունդը» ինքնին յուրատեսակ կոալիցիա է, հասարակական քաղաքական ուժերի միավորում։ Բայց մեր դռները բաց են առողջ համագործակցության համար»,- ամփոփել է Արթուր Բաղդասարյանը։