Վերջերս ռուսական Առաջին հեռուստաալիքով հեռարձակվող «Лучше всех» հաղորդումից հայտնի դարձած փոքրիկ հայ քանոնահարուհի Մերի Մուսինյանն այսօր` դեկտեմբերի 27-ին, նվագեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ամփոփիչ ասուլիսի վերջում: Արմեն Ամիրյանը Մերիին փոխանցեց այն նվերները, որոնք Մերին խնդրել էր Ձմեռ պապիկից:
«Այս նվերները Ձմեռ պապիկն է խնդրել, որ փոխանցեմ քեզ, վերցրու եւ թող 2017թ.-ին մեր մշակույթը լինի քո քանոնի ձայնի նման զուլալ եւ մաքուր»,-ասաց նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Մերին նշել է, որ Ձմեռ պապիկից խնդրել է տիկնիկ:
Նշենք, որ 10-ամյա քանոնահարուին արդեն հասցրել է մասնակցել եւ հաղթել բազմաթիվ միջազգային մրցույթներում: Մերիենց տանն ամենուրեք նրա պատվոգրերն ու մեդալներն են, որոնք աղջիկն իր հետ բերել է ԱՄՆ–ից, Ռուսաստանից, Մալթայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից։ Նա նվագել սկսել է 6, համերգային շրջագայությունները՝ ութ տարեկանից։











