Սպիտակում դեկտեմբերի 19-ին բնակարանում իր երկու երեխաների հետ մահացած հայտնաբերված 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը հոգեկան խնդիրներ է ունեցել: Նա հաշվառված է եղել Սպիտակի հոգեբուժարանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի պատրաստած տեսանյութից:
Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը հայտնել է, որ Մարինե Հովհաննիսյանը դեպրեսիվ սինդրոմ աշխտորոշմամբ հաշվառված է եղել Սպիտակի հոգեբեժարանում եւ ստացել համապատասխան հոգեմետ դեղեր: Թե ինչպես է ստացվել, որ հոգեբուժարանում հաշվառված անձը դպրոցում ուսուցչուհի է աշխատել, կպարզվի քննությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի եւ 110 հոդվածի առաջին կետի հատկանիշներով: Երեխաների դիակների զննությամբ նրանց պարանոցին հայտնաբերվել են կապտուկներ, ինչն էլ վկայում է, որ երեխաները խեղդամահ են արվել:
Կինը 3 տարի է, ինչ ամուսնալուծված էր, ծնունդով Շիրակի մարզից է, Սպիտակում վարձով էր բնակվում վերջին մեկ տարում: Լոռու մարզի Սարալանջ գյուղում աշխատում էր քիմիայի ուսուցչուհի: Բնակարանը, որտեղ կատարվել է ահասարսուռ դեպքը, բերված է եղել տոնական տեսքի:











