«Կրասնոդար» հեռուստաալիքը իր ամանորյա թողարկումը նվիրել է հայ վարորդ Արմենակ Մովսիսյանի պատմությանը, որն ապրում է Կրասնոդարում եւ աշխատում որպես N34 երթուղային տաքսու վարորդ:
Արմենակ Մովսիսյանը հայտնի է հղի կանանց նկատմամբ հատկապես մեծ հարգանքով եւ արդեն դարձել է քաղաքաբնակների սիրելին: Նա, ելնելով ապագա մայրերի նկատմամբ հարգանքից, սկզբունքորեն գումար չի վերցնում իր երթուղուց օգտվելու համար, ընդ որում, հղիության որեւէ ապացույց չի պահանջում: Արմենակը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մի անգամ հղի մի կին խնդրել էր զեղչ անել իր համար: Արմենակի զեղչը 100-տոկոսանոց է: Հեռուստաալիքի եթերում նա շնորհավորել է կրասնոդարցիների Ամանորը. «Հարգելի՛ կրասնոդարցիներ եւ քաղաքի հյուրեր: Ես շնորհավորում եմ ձեր Նոր տարին: Մաղթում եմ ամենալավն ու բարին: Ես մաղթում եմ, որ մայրերն ավելի շատ երեխաներ լույս աշխարհ բերեն, քանի որ երեխաները մեր ապագան են: Իսկ ես պարտավորվում եմ մինչեւ կյանքիս վերջը ձեզ անվճար տեղափոխել»,- ասել է Արմենակը:











