ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 6-րդ խորհրդակցությունն այս տարի անցկացվել է Հայաստանում: Փետրվարի 11-ին` աշխատանքային քննարկումից հետո, մասնակից նախարարները լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ներկայացրին խորհրդակցության ժամանակ քննարկված հարցերն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԵՏՄ էներգետիկայի եւ ենթակառուցվածքների կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը հանդիպումը շատ արդյունավետ գնահատեց: Նրա խոսքով` ձեռք բերվեցին պայմանավորվածություններ օրակարգի բոլոր հարցերի շուրջ: Մշակվեց «Ճանապարհային քարտեզի» պատրաստման աշխատանքի հայեցակարգը: Դրանով կզբաղվի աշխատանքային խումբը, որը կգլխավորեն անդամ երկրների փոխնախարարները: Այդպիսի մոտեցումը թույլ կտա միության տարածքում մինչեւ 2025 թվականը հանել տրանսպորտային բոլոր տեսակի փոխադրումների սահմանափակումները եւ արգելքները:
«Կգործարկվի տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկա: Դրանից ակնկալում ենք մեր երկրների տնտեսությունների որակական փոփոխություն եւ բնակչության կենսամակարդակի բարձրացում»,- նշեց Ադամկուլ Ժունուսովը:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով խորհրդակցության մասնակիցներին, նշեց, որ ձեռք են բերվել մի շարք կարեւոր համաձայնություններ, ստորագրվել են փաստաթղթեր, մասնավորապես, ԵՏՄ տարածքում ավտոմոբիլային կաբոտաժային փոխադրումներն ազատականացնելու շուրջ: «Սա նշանակում է, որ ԵՏՄ անդամ մի երկրի բեռնափոխադրող ընկերությունը կարող է միջազգային փոխադրումների ճանապարհին բեռներ փոխադրել մի կետից մյուսը միության անդամ մեկ այլ պետության տարածքում»,- պարզաբանեց Վահան Մարտիրոսյանը:
ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ընդգծեց, որ սա կնվազեցնի բեռնափոխադրման ծախսերը, ինչն էլ կհանգեցնի փոխադրվող ապրանքների գների նվազման:
Մ. Սոկոլովը նաեւ նշեց, որ կաբոտաժային բեռնափոխադրումների սահմանափակումներ կան ամբողջ աշխարհում: «Նույնիսկ Եվրոպական միությունում, որը բավական երկար ինտեգրման ճանապարհ է անցել, կաբոտաժային փոխադրումները շատ մտահոգիչ թեմա են, եւ հիմնականում երկրները դա թույլ չեն տալիս իրենց տարածքում: Մենք այս հարցի շուրջ կարողացանք փոխհամաձայնության գալ, իսկ դա նշանակում է, որ նպատակ ունենք խորացնելու տնտեսությունների ինտեգրումը տրանսպորտային ծառայությունների ոլորտում»,- ընդգծեց Մաքսիմ Սոկոլովը:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով` հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը եւ այն, որ ուղիղ տրանսպորտային կապեր (բացառությամբ օդային) չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, իրենք հակված են համագործակցության տարբեր ձեւաչափերի, այդ թվում՝ երրորդ երկրների հետ բանակցությունների, որպեսզի մեղմվեն Հայաստանի համար առկա տրանսպորտային անհարմարությունները:
Խորհրդակցության մասնակիցները անդրադարձել են նաեւ ԵՏՄ անդամ պետությունների մայրաքաղաքների միջեւ ուղիղ ավիաչվերթների անհրաժեշտությանը:











