Հայաստանի զարգացման, բարգավաճման, կայունության ապահովման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանակն ընտրություններին համատեղ դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագրի ստորագրման ժամանակ ասել է «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը:

«Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ինձ շատ բան է միավորում եւ անցյալում, եւ այսօր: Երեքս էլ եղել ենք Արցախի պետականության ստեղծման ակունքներում: Սեյրան Օհանյանը եղել է ռազմական ճակատում, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ես եղել ենք դիվանագիտական եւ յուրաքանչյուրս այս տարիների ընթացքում մեր ներդրումներն ենք բերել Հայաստանի պետականության կայացմանը: Րաֆֆին անկախության առաջին օրերին փողել է իր հանգիստ կյանքը, վերադրաձել հայրենիք, ես դա արել եմ 91թ.՝ անկախությունից անմիջապես հետո: Մենք եկել ենք մեծ հույսերով, իղձերով, որպեսզի իսկապես կարողանանք ստեղծել առաջին հերթին մեր նախնիների երազած Հայաստանը եւ ամենակարեւորը՝ մեր ապագա սերունդների համար հանգիստ, անկախ, բարգավաճ մի հանգրվան, որտեղ ողջ հայությունը կարող է գալ եւ ապրել: Այս ճանապարհը բավականին քարքարոտ է եղել, 25 տարի արդեն անցել է այդ օրերից եւ այն, որ մենք ցանկացել ենք, թերեւս շատ հեռու է իրականությունից: Սա հազվագյուտ առիթներից մեկն է երկրում իրավիճակ փոխելու, որովհետեւ մենք երեքով, մեր համախոհներով, այլ քաղաքական ուժերով չենք կասկածում, որ իսկապես շատ արագ շատ բան Հայաստանում կարելի է փոխել: Հայաստանի զարգացման, բարգավաճման, կայունության ապահովման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են, սա արդեն ապացուցվել է»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյա հուշագիր են ստորագրել: