ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հաստատել է, որ 2005 թվականի հունիսի 21-ին, երբ ինքը ԼՂՀ ՊԲ հրամանատարն էր, միջադեպ է եղել իր աշխատասենյակում ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի մասնակցությամբ (ֆոտոռեպորտաժ):

Այս մասին Սեյրան Օհանյանը նշել է այսօր՝ փետրվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հարցին, թե 2005-ին Արցախում արդյոք իր աշխատասենյակում հունիսի 21-ի առավոտյան ծեծել է Պավլիկ Մանուկյանին եւ արդյոք թքել է նրա բաժակի մեջ եւ առաջարկել խմել, որպեսզի սթափվի, ինչպես այդ մասին հայտարարել է Պավլիկ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց հետեւյալը.

«Անսխալական մարդիկ  չեն լինում: Յուրաքանչյուր մարդու կարողությունների առանձնահատկությունն այն է, որ մարդիկ տարիների ընթացքում կատարելագործվում են եւ փորձում են նախկինում թույլ տված սխալները վերացնել:

Պավլիկ Մանուկյանի հայտարարության հետ կապված ուզում եմ ասել հետեւյալը. իրոք իմ աշխատասենյակում միջադեպ եղել է…, բաժակի մեջ այսպես թքելու, ես նույնիսկ անհարմար եմ զգում, այդպիսի բա չի եղել: Միջանձնային հարաբերությունների մեջ եղել են որոշակի սխալներ, որից հետո Պավլիկ Մանուկյանի հետ մենք երկարատեւ աշխատանք ենք ունեցել, հարաբերություններ ենք ունեցել եւ մեր հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել: Այնուհետեւ իմ ղեկավարման տարիներին այս կամ այն առիթներով Պավլիկ Մանուկյանի եւ իր ընկերների հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, ինչ հարցերով դիմել են պաշտպանության նախարարին, փորձել եմ աջակցել»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը: