Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ փետրվարի 18-ին, «Սասնա ծռեր» խմբավորման գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» ազատ արձակելու պահանջով երթը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դիմաց ավարտվեց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները ՔԿՀ-ի դիմաց ելույթներ ունեցան եւ Արթուր Սարգսյանին կոչ արեցին դադարեցնել փետրվարի 9-ից սկսած հացադուլը: Երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին Գեւորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Արթուր Սարգսյանի լուսանկարներով եւ «Հայաստանն առանց քաղհալածյալների», «Ազատություն Արթուր Սարգսյանին», «Խղճի բանտարկյալ» գրություններով պաստառներ:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կալանավորվել է: