ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` «Հայփոստ» ընկերության 041 բաժանմունքից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 21-ին՝ ժամը 05:38-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած 3 անձինք, գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, ապօրինի մուտք են գործել Էրեբունի վարչական շրջանում գործող «Հայփոստ» ընկերության բաժանմունքներից մեկը, սակայն ազդանաշանը միանալու պատճառով չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել եւ դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են 3 դիմակավորված անձինք բացում դուռը,նրանցից երկուսը մուտք են գործում ներս, իսկ երրորդը՝ սպասում դրսում, ապա լսելով ազդանշանի ձայնը՝ դիմում փախուստի:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց  հայտնաբերելու ուղղությամբ։

«Խնդրում ենք տեսանյութում պատկերված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: