Պորտուգալիայի իշխանություններն ազատ են արձակել Կենտրոնական հետախուզական վարչության նախկին գործակալ Սաբրինա դե Սուզին: Դեռեւս մի քանի տարի առաջ Իտալիայի իշխանությունները նրան 4 տարվա ազատազրկման էին դատապարտել մարդու առեւանգնամը մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Սուզը, որը Լիսաբոնոմ ձերբակալվել է 2015 թվականի հոկտեմբերին, արտահանձման էր սպասում, սակայն հիմա դրանից խուսափել է՝ Իտալիայի դատախազությունը կալանքի օրդերն անվավեր է համարել:
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան երեքշաբթի պորտուգալուհուն մասամբ ներել է՝ նրա պատժաժամկետը կրճատելով մինչեւ 3 տարի: Իսկ Իտալիայում 3 տարի ժամկետով դատապարտվածի համար բանտարկությունը փոխարինվում է հասարակական աշխատանքներով, որը նախկին գործակալը հավանաբար Պորտուգալիայում կկատարի:
Նրան դատապարտել են եգիպտացի ներգաղթյալ Միլանի մզկիթի իմամ Աբու Օմարին առեւանգելու համար, ում կասկածում էին ահաբեկչության մեջ: 2003 թվականին ԿՀՎ-ի գործակալները նրան առեւանգել են փողոցից եւ Եգիպտոս տեղափոխել, որտեղ նա «կողմնակալ հարցաքննության է ենթարկվել»:
Ավելի ուշ Աբու Օմարին ազատել են, եւ նա իրեն առեւանգողներին մեղադրանքներ է ներկայացրել:











