Երեւանի Խանջյան փողոցում գտնվող վերամբարձ կռունկից նետվել սպառնացող տղամարդը մեկ ժամ ժամանակ է տվել, որպեսզի իր պահանջները կատարվեն:   NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վերամբարձ կռունկից նետվել սպառնացող 57-ամյա Մ. Մ.-ն պահանջում է իրեն կամ գումար տրամադրել, կամ աշխատանքով ապահովել: Տղամարդը երկու պահանջով է հանդես եկել՝ գումար փոխանցել իրեն, կամ էլ հնարավարություն տալ պայմանագրային զինծառայող դառնալու: Մ. Մ.-ն եղել է ազատամարտիկ, իսկ քառօրյա պատերազմի ժամանակ որպես կամավոր մեկնել է Արցախ:

Նշենք, որ Մ. Մ.-ն որոնվում էր որպես անհետ կորած, նա երեք օր առաջ դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել, Նրա կինը՝ Թ. Ղազարյանը պատմել էր, որ իրեն այսօր ԱԻՆ-ից են զանգել եւ տեղեկացրել, որ երեք օր առաջ տնից դուրս եկած եւ չվերադարձած ամուսինը Երեւանում բարձրացել է վերամբարձ կռունկի վրա եւ սպառնում է նետվել: Նա արդեն 5 ժամից ավելի գտնվում է Խանջյան փողոցում գտնվող վերամբարձ կռունկի վրա:

Այս պահին տղամարդու հետ աշխատում են հոգեբանները, սակայն, նա թույլ չի տալիս, որպեսզի փրկարարներն իրեն մոտենան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 12:10-ի սահմանում  քաղաքացին Երեւան քաղաքի Խանջյան փողոցում` ամբարձիչ կռունկի վրա է բարձրացել եւ սպառնում է նետվել: