Սպանության վերաբերյալ ահազանգը Արարատի բաժնում հնչեց ժամը 17։50-ի սահմաններում։ Ահազանգողը Գոռավան գյուղի Գոռ Իշխանյան փողոցի բնակչուհիներից էր։ Փողոցի՝ թիվ 31 տուն մեկնած օպերատիվ խումբը, 71-ամյա թոշակառու Հովհաննես Աղաջանյանի դին հայտնաբերեց խոհանոցում՝ հատակին ընկած։
Դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվեցին կտրած-ծակած հետքեր, որոնք, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, դանակահարության հետեւանք են։ Դեպքի վայրի մանրակրկիտ զննությամբ արյան հետքեր հայտնաբերվեցին միջանցքի եւ խոհանոցի մի շարք առարկաների վրա, որոնցից ոստիկանության քրեագետը նմուշներ վերցրեց փորձաքննությունների համար։ Դանակները եւս, որոնցից մեկի կոթը կոտրված էր, հայտնաբերվել են դեպքի վայրի զննությամբ։ Շեղբերին արնանման հետքեր կային, իսկ թե, ո՞րն է հանցագործության գործիքը, կպարզվի համապատասխան փորձաքննությամբ։ Դանակներն առգրավվել եւ ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Նախնական տվյալներով՝ թոշակառույի դանակահարությանը նախորդել է վիճաբանություն՝ որդու եւ նրա միջեւ։ Խոհանոցի պատուհանի կոտրված ապակիները, տան տեղահան եղած որոշ իրերը վկայում էին այդ մասին։ Արարատի բաժնի ոստիկանների արագ արձագանքման ու հետախուզական միջոցառումների օպերատիվ կազմակերպման արդյունքում հանցագործությունը բացահայտվեց։ Հենց նույն տնից՝ կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց սպանվածի որդին՝ 46-ամյա Մարտին Աղաջանյանը։
«Հայրիկիս եմ սպանել։ Խեղճացնում էր ինձի ամեն հարցում։ Հետո չէր թողում աշխատեի, չէր թողում ամուսնանալ, ոչ մի բան չէր թողում անել ես էլ դավադիտ եղա՝ սպանեցի»։
Մարտին Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով։ Նա կալանավորվել է՝ կատարվում է քննություն։











