Մեզ ընձեռնված հնարավորությունների շրջանակներում մենք փորձելու ենք ձեւավորել համապատասխան կառավարման համակարգ, ինչը նշանակում է, որ մենք գնալու ենք այն քայլերին, որ այսօրվա իշխանությունները փոխվեն: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենց դաշինքը պահանջելու է իշխանափոխություն:

«Ես բազմիցս ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ միջազգային այն փորձը, պրակտիկան, որ գոյություն ունի քաղաքական վերնախավերի պարբերաբար փոփոխությամբ, մեկը մյուսին լրացնելով դրականի վրա հենվելով եւ բացթողումներից ելնելով, համապատասխան վստահություն ձեռք բերելն է ժողովրդի մոտ եւ համապատասխան կառավարում ձեւավորելը: Մենք գնալու ենք, այսպես ասած, լայնամասշտաբ փոփոխությունների եւ տնտեսության մոդեռնիզացիայի առումով, եւ քաղաքական այսօրվա ընդհանուր համակարգի փոփոխությանը»:

Նշենք, որ այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, որի առթիվ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը այցելել է «Եռաբլուր» պանթեոն: Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է ԱԺ ընտրությունների քարոզարշավը: