Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը վստահեցնում է, որ իր հորեղբայրը՝ գործարար Սամվել Ալեքսանյանը, բնակչությանն օգնում է մշտապես, ոչ թե ընտրությունից ընտրություն:

«Մեր պատգամավորները՝ Սամվել Ալեքսանյանը եւ Կորյուն Նահապետյանը, եղել են մշտապես մեր բնակչության կողքին, թե Ալեքսանյանը, այնպես չէ, որ ընտրությունից ընտրություն են նրանք հայտնվում, ամեն տարի փորձել են իրենց ծրագրերով լինել բնակչության կողքին»,- այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Ալեքսանյանը:

Վարչական շրջանի ղեկավարը մտադիր է աշխատանքային ժամերից հետո իրականացնել քարոզարշավ՝ հօգուտ հորեղբոր: Անդրադառնալով տեղեկություններին, թե Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում արդեն իսկ օգնության անվան տակ ընտրակաշառք է բաժանվում, Արտակ Ալեքսանյանը նշեց, որ իրենք իրենց ամենօրյա աշխատանքն են կատարում, արձագանքում են ցանկացած դիմումի եւ փորձում օգնել:

«Ես հրավիրում եմ ապրիլի 2-ին բոլորիդ մեր թաղամասի ցանկացած ընտրական տեղամաս՝ տեսնելու, թե ինչ թափանցիկ ընտրություններ են ընթանում»,- ասաց նա:

Նշենք, որ Արտակ Ալեքսանյանի հորեղբայրը՝ Սամվել Ալեքսանյանը, առաջադրվել է հենց Մալաթիա- Սեբաստիա եւ Շենգավիթ ընտրական տարածքում: