Մի քանի հատ ապուշների, կամ սխալ մարդկանց պատճառով չի կարելի ազգին, բանակին, կառավարությանը որակավորել: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ցուցակի 17-րդ հորիզոնականը զբաղեցնող գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀԿ-ական թեկնածուների ու նրանց աջակիցների կողմից տեղի ունեցող ծեծկռտուքներին ու դանակահարությանը:

«ՀՀԿ-ական բան, չեմ իմանում: Դե մարդ են, ամեն դեպքում՝ ՀՀԿ-ականների կարողություններն ավելի շատ ա, քան ուրիշների»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականներն ավելի շա՞տ զենք ունեն, նմանվել Գրիգորյանն արձագանքեց. «Զենք հայ ազգն ունի, ՀՀԿ-ականներ չունեն, բայց տենց շառոտ-շառոտ բաներ մի արեք, 1-2-ի պատճառով մի վարկաբեկեք մնացածին»:

Հիշեցմանը, որ վերջին օրերին արդեն 6 միջադեպ է գրանցվել, նա նշեց. «Տեղ կա 600 է եղել, մինչեւ հիմա Ամերիկայում չի վերջացրել: Ամերիկացիք Հայաստանից են ծնվել: Եթե ուժ են գործադրում, եթե բաներ են անում, ըլնում ա, լավ չի էլի, որ էսօր եթե կարելի ա ավելի հանգիստ… առանց էդ էլ Աստծու կողմից, թուրքի կողմից խփում կրակում են: Հենա կրակողներ կան, դրանք ավելորդ բաներ են, բայց դե հմի օրենսդրությունը կպարզի, մեղավորներին կպատժեն, ինձ թվում ա:

Անհատ մարդ կա, կարելի ա վիրավորել, հայհոյել էլ, բայց բանակը օփշի չի կարա վատը ըլի: Եթե վատ ըլի, մի րոպե չենք կարա ստեղ կանգնենք, թուրքը կհասնի»: