ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Արա Բաբլոյանն անըդունելի է համարում ՀՀԿ-ի աջակիցների մասնակցությամբ վերջին օրերին տեղի ունեցած նախընտրական ծեծկռտուքներն ու դանակահարությունը, սակայն կարծում է, որ բոլոր տեղերում էլ կարող են նման բաներ լինել:

«Ինձ մտահոգում են ընդհանրապես բոլոր տեսակի բռնությունները մարդկանց միջեւ: Ես վստահ եմ, որ բոլոր տեղերում կարող են նման բաներ լինել: Ինքս, իհարկե, անընդունելի եմ համարում նման մոտեցումը»,-այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արար Բաբլոյանը՝ հավելելով, որ ՀՀԿ խորհրդի նիստերում ինքն իր կարծիքը հայտնում է:

Հարցին, թե արդյոք այդ միջադեպերը չեն վկայում այն մասին, որ Սերժ Սարգսյանի խոսքը՝ կազմակերպել անթերի ընտրություններ, միջադեպեր չհրահրել, տեղ չի հասել, Արա բաբլոյանը պատասխանեց. «Նրանք, որոնք Սերժ Սարգսյանի խոսքը չեն հասկանում, հավանական է, որ իրենք տեղ չունեն մեր շարքերում»:

Դիտարկմանը, որ մականունավորները կրկին տեղ են գրավել ՀՀԿ ցուցակում եւ հավանական է, կլինեն հաջորդ Աժ-ում, Բաբլոյանն ասաց. «Ամեն մարդ իր իրավունքն ունի: Ժողովուրդը կորոշի: Դուք հարցեր եք տալիս, որոնք ես իրավունք չունեմ մեկնաբանել, որովհետեւ ամեն մարդ իր իրավունքն ունի: Ունի մարդը մականուն, թե չունի, դա մի հարց է: Ինձ համար կա մի կարգախոս, որ մենք ձեւավորենք կրթված եւ առողջ հասարակություն, որ ունենանք ամուր, զարգացող եւ արդար հանրապետություն»: նա սակայն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք մականունավորները կարող են դա ապահովել:

Բաբլոյանը կարծում է, որ ՀՀԿ-ի իխանության 18 տարիները բավարար չեն արդար ու զարգացող երկիր կառուցելու համար. «Մենք պետք է սերունդներ աճեցնենք: Հասարակության կրթությունը 18 տարվա խնդիր չէ, իսկապես ժամանակ է ուզում: Դժվարանում եմ ասել քանի տարի, բայց պետությունները, որ ստեղծվել են եւ այսօր գոնե մեզ համար օրինակել են համարվում, դրանք երեւի հարյուրավոր տարիների ճանապարհ են անցել»: