«Ելք» դաշինքը կկարողանա երկրի ապագայի համար նորմալ իրավական դաշտ ձեւավորել: Այդ մասին այսօր՝ մարտի 8-ին Երեւանի Ազնավուրի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Նա կոչ է արել կողմնորոշվել՝ ում են ընտրելու իշխանությանը, թե ապագային՝ «Ելք» դաշինքին: ««Ելք» դաշինքը կկարողանա երկրի ապագայի համար նորմալ իրավական դաշտ ձեւավորել»,- ասել է նա՝ այսօրվա հանրահավաքը համարելով զորակոչ: «Այն անձինք, ովքեր մտահոգ են երկրի ապագայի համար, ովքեր տեսնում են իրենց երեխաների վաղվա օրը ՀՀ-ում, զորավիգ պիտի կանգնեն «Ելք»-ին: Գրեթե 2 տասնամյակ մենք չենք կարողանում ելք գտնել իրավիճակից դուրս գալու համար՝ չկարողանալով ունենալ մեր երազած պետությունը: «Ելք»-ը ժողովրդից ցանկանում է ընդամենը մեկ ձայնով զորավիգ լինել իրեն՝ հանուն լուսավոր Հայաստանի:
«Ելք»-ի անդամ, պատգամավորության թեկնածու Ռոմանոս Պետրոսյանն էլ կարծում է, թե «Ելք»-ին ընտրելով սկիզբ է դրվելու նոր դրական փոփոխություններին, Նա կոչ է արել սփյուռքին եւս անտարբեր չլինել ընտրություններին ու իրենց կամքով ու մասնակցությամբ ՀՀ իշխանություններին պարտադրել արդար ընտրություններ:











