Դպրոցների հետ աշխատող ոստիկաններից շատերի լավ աշխատանքի շնորհիվ այսօր մեր երեխաները հանցագործ են բռնում փողոցում։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին, Շիրակում հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը։

«13, 14 տարեկան երեխաները տեսնում են հանցագործին, հետապնդում են եւ հայտնում  ոստիկանություն, ոստիկանությունն էլ գնում, բռնում է: Մենք երբեք չէինք երազի ըսենց բան: Տեղեր կան, որ ես ուղղակի հիանում եմ մեր աղջիկներով ու տղաներով, որոնք աշխատում են անչափահասների հետ դպրոցներում: Կարծում եմ՝ նախանձախնդրություն պետք է դրսեւորվի այդ առումով, որովհետեւ կամ մենք երեխաներին մեր վաղվա օրը  բերում ենք մեր դաշտ, օրինավոր քաղաքացու դաշտ, կամ էլ հանցագործը տանում է փողոց: Սա այն սկզբունքն է, որը խախտել չի կարելի»,– ասել է Վլադիմիր Գասպարյանը։

Համապետական ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին անդրադառնալով՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է լիարժեք յուրացնել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթները, քաղաքացիներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անհանդուրժող լինել օրինախախտումների նկատմամբ. «Խիստ ուշադրություն եմ առաջարկում ձեզ դարձնել, որ ինձ վիրավորում է որպես քաղաքացու, երբ այս կամ այն կուսակցության, կամ այս կամ այն ռեյտինգայինի պաստառները եւ նկարները պատռում են, փչացնում են: Դա անընդունելի բան է: Ծառայությունը կազմակերպեք այնպես, որ այն տեղերում, որտեղ գովազդներ են գտնվում, ուշադրություն դարձնեն եւ գիշերային, եւ ցերեկային ծառայությունները: Երկրորդ, հետապնդել եւ գտնել ու դա դիտել, որպես ծանր հանցագործություն: Խիստ ուշադրություն դարձնել,  ցանկացած բացահայտում լրատվամիջոցներով լուսաբանել»:

Ստորաբաժանումների և ծառայությունների խնդիրների քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին տվեց համապատասխան հանձնարարականներ: