Մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունում  տեղի է ունեցել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ընթացքում իրավապահ մարմինների գործունեության վերաբերյալ աշխատանքային  քննարկում, որին մասնակցել են ԿԸՀ նախագահ Տիգրան  Մուկուչյանը, Հայաստանում ԵՄ, ԵԽ  պատվիրակության,  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  դիտորդական խմբի, ՀՀ ԱԺ  ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ Ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի,   Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները:

Աշխատանքային հանդիպմանը  քննարկվել են   խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների  վերաբերյալ մամուլի հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումների եւ ստացված ահազանգերի ուսումնասիրմանը, վերլուծությանը, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց հիման վրա ստուգողական գործողություններ կատարելու , նյութերի նախապատրաստման, քրեական գործերի հարուցման  եւ մի շարք այլ հարցերում  իրավապահ մարմինների գործառույթների համակարգված իրականացմանը, իրավապահ մարմինների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքացիական հասարակության ու դիտորդական առաքելություն իրականացնող տեղական եւ միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ողջունելով  ներկաներին, անդրադարձել է աշխատանքային  քննարկման անհրաժեշտությանն ու  նպատակներին,  եւ այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են խորհրադարանական ընտրությունների ժամանակ՝ իրավապահ բոլոր մարմինների համագործակցությամբ:

ՀՀ գլխավոր  դատախազը  մատնանշելով ընտրական գործընթացներին առնչվող օրենսդրական փոփոխությունները, այդ համատեքստում կարեւորել է  ՀՀ քրեական օրենսգրքով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքում  պատժի խստացումը՝ շեշտադրելով օրենսդրական այս փոփոխության կանխարգելիչ նշանակությունը:

Արթուր Դավթյանը  կարեւորել է նաեւ Քրեական օրենսգրքով  ընտրակաշառքի դեպքում նախատեսված խրախուսական նորմը, ըստ որի՝ եթե ընտրակաշառք ստացողը եռօրյա ժամկետում, մինչեւ իրավապահ մարմինների կողմից այդ դեպքի հայտնի դառնալը տեղեկացնի   իրավապահ մարմիններին  եւ աջակցի հանցագործության բացահայատմանը, կազատվի քրեական պատասխանատվությունից:

Արթուր Դավթյանի խոսքով ՝ կարեւոր է, որ ընտրական հանձնաժողովներում  դիմում բողոքների քննարկման ուսումնասիրմամբ  զբաղվող անձիք լինեն տեղեկացված, որպեսզի բոլոր հաղորդումները, որոնք կպարունակեն  առերեւույթ հանցագործության հատկանիշներ, հասցեագրվեն ՀՀ դատախազություն:  Արթուր Դավթյանի դիտարկմամբ՝ պետք է ակտիվացվեն եւ հստակ կանոնակարգվեն բոլոր մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան ապահովել իրավապահ մարմինների իրազեկվածությունը յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ:

Արթուր Դավթյանի խոսքով՝ նման բնույթի աշխատանքային քննարկումներով, այլ նախապատրաստական միջոցառումներով պետք է ապահովել, որպեսզի, հատկապես, ապրիլի 2-ի քվեարկության օրը յուրաքանչյուր դատախազ, քննիչ, օպերատիվ աշխատակից, տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկան հստակ տիրապետի իր գործառույթներին, ըստ անհրաժեշտության իրականցվելիք գործողությունների հաջորդականությանը:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտադրել է ընտրական բնույթի յուրաքանչյուր  հանցագործության դեպքի հետեւողական, բազմակողմանի, լրիվ  օպերատիվ եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու, հանցանք կատարած յուրաքանչյուր անձի  պատասխանատվությունն ապահովելու, այդ գործընթացների առավելագույնս թափանցիկ եւ  հասարակության համար նկատելի  դարձնելու անհրաժեշտությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը  ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման, տեխնիկական սարքավորումներ սպասարկող մասնագետների ընտրության, այդ անձանց համապատասխան ուսուցման ապահովման իրազեկման ուղղությամբ կատարված այլ աշխատանքները: ԿԸՀ նախագահը անդրադարձել է նաեւ ընտրական հանձնաժողովների եւ իրավապահ կառույցների համագործակցությանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական հարցերով ներկայացուցիչ Անդրեա Խալուպովան ողջունել է ՀՀ ընտրական օրենսդրության փոփոխությունները՝ հատկապես կարեւորելով ընտրատեղամասերում  տեսանկարահանող սարքերի տեղադրումն ու ընտրողների ցուցակների հրապարակումը:

Տիկին Խալուպովան անդրադարձել  է նաեւ ընտրություններին  դիտորդական խմբերի ներգրավվածությանը, մատնանշել արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների դրսեւորած կամքը՝ կարեւորելով այդ գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացումը:

Քննարկման ընթացքում ՀՀ ՄԻՊ գրասենյակի, դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները  ներկայացրել են իրենց դիտարկումները՝ նախընտրական գործընթացներում առերեւույթ ընտրախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերի, դրանց ստուգման ընթացակարգերի վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Ս. Հովհաննիսյանի կողմից ներկայացվել են ՀՀ գլխավոր  դատախազությունում ձեւավորված աշխատանքային խմբի արձանագրած աշխատանքի արդյունքները, աշխատանքների ակտիվացման ուղղությունները:

Իրավապահ մյուս կառույցների ներկայացուցիչները եւս ներկայացրել են իրենց կողմից մինչ օրս ձեռնարկված քայլերը, իրականացված կազմակերպչական բնույթի աշխատանքները, առաջարկություններ ներկայացրել համագործակցված աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ:

Աշխատանքային կարգով քննարկվել են իրավապահ կառույցների փոխգործակցությանն առնչվող խնդիրներ: