Ժողովրդին 20 հազար դրամ ընտրակաշառք են տալիս, այսինքն օրը 10 դրամ, ու 5 տարի պոպոք ջարդում գլխներիդ: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Ժողովուրդ ջան, մի բողոքեք, որ խորհրդարանում անգրագետ պատգամավորներ կան, որոնց պատճառով զոհեր ենք ունենում, գռփում են, թալանում են, երիտասարդները արտագաղթում են Ռուսաստան: Նաեւ ժողովրդի այն մասի շնորհիվ է էս վիճակը, որ անտարբեր են, ձեռքը թափ են տալիս, ասում են՝ ոչինչ չի փոխվի: Ձեզ մեծ խոստումներ ու փող տվողին մի ընդունեք: Հայաստանում էսօր չկա տենց մեծ բազա, փող, տնտեսություն ու զարգացում, մեծ խոստում տվողները ձեզ խաբում են»,-ասել է պատգամավորը:

 Նրա խոսքով, մարդիկ կան Ազգային ժողովում նստած, որոնք 5 տարի ոչինչ չեն խոսել, սակայն ընտրությունների ժամանակ գալիս 10 հազար դրամ մտցնում  են մարդկանց գրպանն ու պահանջում իրենց ընտրել:

«Խայտառակություն է, որ էսպիսիները էնտեղ նստած են ու հինգ տարի մեկ գալիս ձայն խնդրում, հետո թալանում ու գռփում են, նորից գալիս են 5 տարի անց 15 հազար տալիս, ասում են՝ լավ տղա եմ, եկեք ինձ ընտրեք: Եկեք կանգնեցնենք էս անարժանապատիվ ընթացքը, էդ անգրագետներին մի ուղարկեք պառլամենտ»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իշխանությունները բանակը հզորացնելու խոստում են տալիս, բայց 1000 դրամ են «քերում» ժողովրդից բանակի համար: «Յուրաքանչյուրդ հազար դրամ տալիս եք, որ զոհվածների հարազատների, վիրավորների համար խնդիրներ լուծեն... մարդ չկա Հայաստանում, տարին 100 հազար քաղաքացի լքում է երկիրը, 10 տարի հետո պրծնելու է երկիրը, բա չեք տեսնո՞ւմ էս խնդիրը, ձեռքը թափ տալով, անտարբեր մնալով մինչեւ ե՞րբ»:

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքն այսօր քարոզարշավն իրականցնում է Արմավիրի մարզում: