Սա նախագահական ընտրություն չէ, նախագահ չենք ընտրելու, թագավոր չենք ընտրելու, ընտրելու ենք թիմ: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Նայեք մնացած ութ կուսակցություններին եւ տեսեք՝ նրանցից ո՞ր մեկը կարող եք համարել որպես թիմ, որն ունի միասին աշխատելու փորձ, իսկապես գաղափարախոսություն, ծրագիր: Խոսքը չի վերաբերում ընտրությունից ընտրություն նախընտրական ծրագրեր պատրաստելու, ժողովրդին բաժանելու մասին»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն պատրաստել էր 7 կետից բաղկացած պլատֆորմ, որոնցից մոտ 40 տոկոսն իրականացվել է, հատկապես նրանք, որոնք համակարգային փոփոխություններին են վերաբերում:

Կիրո Մանոյանն ընդգծել է, որ թե իշխանության, թե ընդդիմության մեջ լինելուվ, ՀՅԴ-ն կատարել է իր խոստումները:

«Կարող է մեկը լավ մարդ լինել, բայց նախագահ լինելու պետք անպայման չունի, որովհետեւ նախագահ չենք ընտրում: Կարող է՝ լավ բարեգործություն է անում, լավ գործարար մարդ է, բայց մենք արդեն Ամերիկայի դեպքում տեսնում ենք, որ, եթե գործարար մարդն իրականում չի խառնվել քաղաքականության մեջ, ինչ պատկեր է ներկայացնում երկրին, ինչ վիճակի կարող է մատնել: Դրա համար պետք է թիմ ընտրել. թիմ, որ ոչ թե վերջին պահին ձեւավորված ինչ-որ դաշինք է, ինչ-որ անձերի, անունների շուրջ հավաքված դաշինք, անձեր, որոնք այլապես իսկապես իրար հակառակ են եղել, իրար հակառակ քաղաքական ուղղություններ են ունեցել, նաեւ անձեր, որոնք ունեն իրենց կողմից հիմնադրված կուսակցություններ, որոնց անունները տալ կարծես ամաչում են եւ փորձում են իրենց անվան վրա շեշտ դնել»,-հայտարարեց Մանոյանը:

Նրա խոսքով, կան կուսակցություններ, որոնք անուն են փոխել, բայց դեմքերը նույնն են մնացել. «Մենք նման խնդիրներ չունենք: Մենք բաց ճակատով ներկայանում ենք ժողովրդին, որովհետեւ բացահայտ է, թե ինչ ծրագիր ենք  ժողովրդին ներկայացրել, ինչքան քվե ենք ստացել ժողովրդից եւ այս ստացած մանդատներով ինչ գործ ենք կատարել: Իսկապես, խորհրդարանում մեկ այլ ուժ ցույց տվեք, որ ընդամենը հինգ տեղ ունի 131 մանդատից եւ կատարել է այնքան աշխատանք, այնքան իրագործումներ ունի, որքան մենք: Չեք գտնի»:

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ ընտրակաշառքներին՝ նշելով. «Ինչքան էլ կաշառք տան, վստահ եղեք, որ առաջիկա հինգ տարիներին դուք դրա տասնապատիկը, հարյուրապատիկը հետ պիտի տաք նրան, ով ձեզ այդ կաշառքը տալիս է: Կաշառքը երկնքից մանանա չէ»: