Բաթումի փողոցներում անկարգությունների կազմակերպիչները եւ մասնակիցները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Մհեբրիշվիլին: Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

Բաթում ժամանած ՆԳ նախարարը հայտարարել է, որ ոստիկանությունն ամբողջովին վերահսկում է իրադրությունը: «Վրաստանի տարածքում չի կարող տեղի ունենալ համանման քաոս եւ ցանկացած անկարգություն: Ոստիկանությունը գործում է բարձր մակարդակով»,- լրագրողներին ասել է նա՝ հավելելով, որ ներկայումս ոստիկանությանն արդեն հաջողվել է պարզել մասնակիցներից շատերի ինքնությունը, տվյալ պահին 40 մարդ ձերբակալված է: Նրանցից ոմանց պաշտոնական մեղադրանք է առաջադրվել:

Անկարգությունների հետեւանքով 33 մարդ տուժել է, որոնցից 15-ը ոստիկաններ են, լրագրողներին հայտնել է առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարը: Նրա խոսքով՝ տուժողներից շատերը հարվածներ են ստացել բութ գործիքով, ոմանք հոսպիտալացվել են արցունքաբեր գազից թունավորման ախտանշաններով:

Պարզվում է քաղաքին պատճառված վնասը: Այն մաքրվում է անցած գիշեր տեղադրված բարիկադներից եւ աղբից, երթեւեկելի գոտուց հեռացվել են հրկիզված մեքենաները, եւ երթեւեկությունը շուտով կվերականգնվի:

Բաթումում անկարգությունները սկսվել են մարտի 11-ին՝ մոտ ժամը 22-ին: Հազար մարդուց կազմված բազմությունը փողոց է դուրս եկել բողոքելու պարեկային ոստիկանության գործողությունների դեմ, երբ ոստիկանությանը չենթարկված 6 քաղաքացիների ձերբակալել են: Նրանք քաշքշոց էին հրահրել, երբ պարեկը տեղացուն, իրենց կարծիքով, շատ մեծ չափի տուգանք էր նշանակել անթույլատրելի վայրում կայանելու համար: Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին ազատել ձերբակալվածներին եւ հեռացնել Բաթումի ոստիկանապետին: