Մենք ուսումնասիրել ենք բոլոր ոլորտներն ու գիտենք՝ ինչ ենք անելու, ինչպես ենք անելու եւ ինչ գործիքներով: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է կուսակցության համապետական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Ամիրյանը:
«Մենք անելու ենք ամեն բան մեր պետության եւ ժողովրդի համար: Ապրիլի 2-ին մեկ անգամ եւս մտածեք եւ տվեք մեզ այդ վստահության քվեն եւ հավատացեք՝ ամեն տարի մենք ապրելու ենք ավելի լավ երկրում»- ասաց Արմեն Ամիրյանը:
Մշակույթի նախարարն իր ելույթում մատնանշեց մշակույթի ոլորտում սպասվող ծրագրերը. Միայն 2017թ.-ին 426 մշակութային ծրագիր մարզերում եւ շուրջ 200 կինոդիտում. «Մարզերի բնակիչները դիտելու են այն ֆիլմերը, որոնք Երեւանի բնակիչն է դիտում հենց այդ պահին: Բացի դրանից, մենք այս տարի պատրաստվում ենք 15 մլն դրամ հատկացնել եւ երաժշտական գործիքներ գնել մարզերի տաղանդավոր երեխաների համար»:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավն իրականացնում է հենց Կարեն Կարապետյանը, որը, սակայն, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չէ: Վարչապետի հետ ընտրողների հետ հանդիպում են նաեւ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, ցուցակում ընդգրկված Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը:











