Երեւանի վերելակային տնտեսությունն իրականում քայքայված է: Ապրիլի 29-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց գործող Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը դեռեւս 7-8 տարի առաջ աջակցություն ցուցավերեց վերելակային տնտեսության որոշակի թարմացման համար: «Մեր նախընտրական ծրագրում մենք հստակ խոսում ենք բնակֆոնդի պահպանման անհրաժեշտության մասին: Եվ այս տարիներին մենք բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանման ծավալուն ծրագիր ենք ներկայացրել: Դրա համար օրենսդրական փոփոխություն է անհրաժեշտ: Մեր թիմն օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացրել, որը վերաբերում է շենքերի տանիքներին, մուտքերին, ինչպես նաեւ վերելակներին: Այսօր, երբ մարդիկ խոսում են վերելակների վիճակի մասին, այո՛, իրականում վտանգավոր է»,- նշեց Տարոն Մարգարյանը:
«Քանի որ վերելակային տնտեսությունը քայքայված է, քաղաքային իշխանությունը մասամբ օգնում է համատիրություններին: Բայց մենք այդպիսով չենք լուծում խնդիրը: Մենք կտրուկ լուծելու ենք վերելակների խնդիրը: Մենք Երեւանի համար մեկ օպերատոր կունենանք: Այստեղ նույնպես մեզ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, եւ մեր ժողովրդի վստահությունը ստանալու հաջորդ օրն իսկ ձեռնամուխ կլինենք այդ խնդիրների լուծմանը»,- հավելեց գործող քաղաքապետը:











